Նորություններ
Շիրակի մարզպետն այցելել է «Լանջիկի միջնակարգ դպրոց»
24.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ այսօր այցելել է «Լանջիկի միջնակարգ դպրոց»։
Մարզպետը տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, հետաքրքրվել նոր անցկացված ջեռուցման համակարգի աշխատանքների ընթացքով։ Նախորդ տարի ՀՀ կառավարությունը գումար էր հատկացրել «Լանջիկի միջնակարգ դպրոցի» ջեռուցման համակարգի վերակառուցման նպատակին։
«Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ դպրոցում վերջապես լուծվել է տարիներ շարունակ չլուծված ջեռուցման խնդիրը և ձմռան ամիսներին կրթօջախում ուսումնական գործընթացն այսուհետ կիրականացվի տաք դասասենյակներում և հարմարավետ պայմաններում: ՀՀ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում կրթական հաստատություններում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար, ուստի պետք է պետական միջոցները նպատակային օգտագործվեն՝ զերծ մնալով թերացումներից։ Ձեզ մնում է անել հնարավորը կրթական գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու և մեր երեխաների կրթության որակն ապահովելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Տնօրենն ու դպրոցի հանրույթը շնորհակալություն են հայտնել տարիներ շարունակ չլուծված ու առաջնային համարվող խնդրի լուծման համար։