Նորություններ
Առափիի, Պեմզաշենի և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը Շիրակի մարզը կներկայացնեն «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին
24.09.2024
Առափիի, Պեմզաշենի և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը Շիրակի մարզը կներկայացնեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի հանրապետական փուլի մրցումներին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան, Արթիկ և Անի համայնքների ղեկավարների հետ այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումներին։ Հեծանվավազքը տեղի է ունեցել Մ 1 միջպետական ճանապարհի Մարալիկից դեպի Հոռոմ գնացող երկկողմանի չշահագործվող հատվածում։
Կարևորելով առողջ ապրելակերպը և դրա գաղափարների տարածումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարը դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման լավագույն հնարավորություններից է։ Մուշեղ Մուրադյանը շնորհավորել է մարզային փուլի մասնակից թիմերին, հաջողություններ մաղթել հետագա մրցումներում, նշել, որ առանձնակի ոգևորությամբ է հետևում Շիրակի մարզի մասնակիցների ելույթներին և գրանցած արդյունքներին, հույս հայտնել, որ Հանրապետական փուլում շիրակցի դպրոցականները կգրանցեն առավել լավ արդյունքներ։
Նշենք, որ Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է եղել 10-12-րդ դասարանների 2 աշակերտ՝ մեկ տղա և մեկ աղջիկ: Աշակերտները մրցապայքարի են ելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված հեծանիվներով և սաղավարտներով։
Հաղթող և մրցանակակիր թիմերը որոշվել են տղայի և աղջկա կողմից գրանցած արդյունքների հանրագումարով։
Սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում անցկացվող մրցաշարի հանրապետական եզրափակիչ մրցումներին Շիրակի մարզը կներկայացնեն Առափիի, Պեմզաշենի և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը։