Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհուրդի անդրանիկ նիստին
26.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհուրդի անդրանիկ նիստին։
Առաջին նիստի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ «Հասարակական խորհուրդի գործունեության նպատակի և անդամների լիազորությունների», «ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու ընթացակարգի» և «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ։
Գնել Սանոսյանը ողջունել է անդամներին և շնորհակալություն հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար, ներկայացրել խորհուրդը ստեղծելու հիմնական նպատակը, խոսել անդամների լիազորությունների և դերի մասին։
«Հասարակական խորհուրդի կազմում ընդգրկված են ակտիվ մարդիկ, ովքեր մշտապես կապի մեջ են համայնքապետերի, մարզպետների, Երևանի պարագայում վարչական շրջանների ղեկավարների հետ։ Շփվում են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ և իրենց խնդիրների լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր գործադրում։ Խորհրդի անդամներն 2 հիմնական դերակատարում ունեն՝ տեղում առկա խնդիրները հավաքագրել և ներկայացնել, այնուհետև տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների հետ փորձենք լուծումներ գտնել այդ խնդիրներին և արդեն լուծումների մասին տեղում դուք իրազեկեք, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, տեղահանված անձանց շրջանում բարձրանա պետական ծրագրերի մասին իրազեկվածությունը»,- ընդգծել է նախարարը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը պարզեցվել է և վարույթը 90 օրվա փոխարեն ներկայում տևում է միջինում երկու ամիս։
«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում։ Գործընթացը սահուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ–ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները»,– նշել է Արմեն Ղազարյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը զեկուցել է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքի մասին, նշել, որ ծրագիր իրականացվում է երեք բաղադրիչով և առաջին փուլի շահառուներն են 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, ինչպես նաև զոհվածների ընտանիքները և այն ընտանիքները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամ:
«Երկրորդ բաղադրիչով իրականացվում է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, իսկ երրորդով՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրումն»,- խոսքում ասել է Գայանե Ղարագյոզյանը։
Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
Ծավալվել է հարց ու պատասխան։ Հնչել են հարցեր Հայաստան տեղափոխված ազգաբնակչության բնակապահովման ծրագրի շահառու դառնալու, տեղահանված ուսանողների կրթության վարձավճարի փոխհատուցման, բռնի տեղահանվածների թոշակավորման գործընթացի և այլ թեմաների վերաբերյալ։