Նորություններ
Տեղի է ունեցել Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը
28.09.2024
Աշոցքի մարզամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Մարտական խաչ»
առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի անմահ հիշատակին նվիրված «Լեռների արծիվը» գրքի շնորհանդեսը։
Հասմիկ Խաչատրյանի հեղինակած «Լեռների արծիվը» գրքում Մանվել Կարապետյանի մասին հուշեր ու վկայություններ են նրա ընկերների, հարազատների կողմից։
Շնորհանդեսի ներկաներին, հերոսի ծնողներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնի խոսքն է փոխանցել մարզպետի խորհրդական Գնունի Աղաբեկյանը, որում մասնավորապես ասված է. «Անչափ հուզիչ ու միևնույն ժամանակ պարտացորեցնող միջոցառման ենք մասնակցում։ Դժվար է խոսել, երբ խոսքերով հնարավոր չէ արտահայտել այն ամենն, ինչ զգում ես, դժվար է խոսել, քանզի հայրենիքի համար ամենաթանկը տված հերոսների մասին խոսելիս բառերը աղքատանում են, մտքերը` աղճատվում։
«Լեռների արծիվը» գիրքը վստահ եմ` արցունքի ու դառը ժպիտի, հիացմունքի ու ափսոսանքի, հպարտության ու տխրության զգացումներից է ծնվել, վստահ եմ նաև, որ գիրքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է, ոչ թե ընկնելու, այլ պայքարի, ուժի, ոգու և հզորության մասին է, քանզի «Մարտական խաչ»
առաջին աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Մանվել Կարապետյանի մասին խեղճացած ու անցյալով հնարավոր չէ խոսել։
Փառք հայրենիքի համար կյանքը չխնայած բոլոր հերոսներին»։
Նշենք, որ գումարտակի հրամանատար Մանվել Կարապետյանը մեկն էր նրանցից, ով առաջինը դիմավորեց թշնամու հարձակումը` անհավասար ու կատաղի մարտի բռնվելով նա կանգնեցրեց մեծաթիվ հակառակորդին։ Մինչև հրամանատարի զոհվելը թշնամին այդպես էլ չկարողացավ ճեղքել նրա դիրքերի պաշտպանությունը։
Փոխգնդապետին բոլորն են հիշում սիրով, մերօրյա հերոսը մեր զավակներին ու մեզ սովորեցրեց, որ մայրերի հանդեպ իրական սերը հենց հայրենիքի հանդեպ սերն է։