Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներին
28.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին ընդունել է «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներին` «Կազա» հիմնադրամում ծրագրի պատասխանատու Ռուզաննա Բալոյանին, Գյումրու կենտրոնի համակարգող Աստղիկ Նիկոլյանին։
Շիրակի մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ բարձր է գնահատում կազմակերպության գործունեությունը բոլոր բնագավառներում, հատկապես, կրթության ոլորտում և երիտասարդության հետ աշխատանքում՝ վստահեցնելեվ, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կանի հնարավորը, լիազորությունների շրջանակում, ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար` անդրադառնալով «Կազա» հիմնադրամի՝ Շիրակի մարզում իրականցվող մի քանի ծրագրերին, մասնավորապես՝ «Փոփոխությունների ապագա դերակատարները» ծրագրի, որն ուղղված է երեխաների և պատանիների հոլիստիկ զարգացմանը։ Այս ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ Գյումրու կենտրոնում աշխատանք է տարվում 120 երեխայի և դեռահասի հետ։
Նշվել է, որ ֆրանկոֆոնիայի զարգացում ծրագրի շրջանակներում կենտրոնը համագործակցում է Շիրակի մարզի 11 դպրոցների հետ՝ իրականացնելով ֆրանսերենի զգայունացման հանդիպումներ, որտեղ ներգրավված են ֆրանսիացի կամավորները։ Շիրակի մարզում իրականցնում են նաև համայնքի երիտասարդների հզորացման «Շարժական երիտասարդական աշխատանք» ծրագիր, որի շրջանակներում աշխատում են 5 համայնքի 8 բնակավայրերի երիտասարդների հետ և այս տարի ևս շարունակելու են համագործակցությունը այլ բնակավայրերում։
«Կազա» հիմնադրամի ներկայացուցիչները կիսվել են նաև տուրիզմի ոլորտում իրենց գործունեության, մասնավորապես, հյուրատան և զբոսաշրջային պրոդուկների՝ ընտանեկան տուրերի, քվեստերի մասին, որը մարզի բացահայտման նորարարական և խաղային մոտեցում ունի։ Հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերը մաս են կազմում հիմնադրամի սոցիալական ձեռնարկատիրության, որի ողջ հասույթն ուղղվում է կրթական ծրագրերի իրականացմանը։