Նորություններ
Ախուրյանի Կառնուտ բնակավայրում հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզը
30.09.2024
Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Աննա Մարտիկյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Կառնուտի մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։
«Անցած մեկ֊երկու ամսում Ախուրյանի տարբեր բնակավայրերում մանկապարտեզների բացման ենք մասնակցում, որն արդեն ոգևորող, ուրախացնող և որ ամենակարևորն է` խոստումնալից է։ Նախադպրոցական կրթությունը կարևոր աստիճան է, որով պետք է անցնեն մեր փոքրիկները և ուրախ եմ, որ կրթական այս փուլով ևս կկարողանան անցնել կառնուտցի մեր փոքրիկները։
Տոնական շունչը Բայանդուրից ու Ջրառատից տեղափոխվել է Կառնուտ։ Ապագային միտված այս նախաձեռնությունը պետություն֊համայնք լավագույն համագործակցության հերթական օրինակներից է։ Տիպային մանկապարտեզը, որ նախատեսված է 50 երեխայի համար, կառուցվել է սուբվենցիոն ծրագրով և գումարի 70 տոկոսը հատկացրել է պետությունը։ Մեր կառավարության որդեգրած գիտելիքահեն, կրթության զարգացմանը նպաստող քաղաքականության հստակ ապացույցը «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին»,- ներկաներին ողջունել, շնորհավորել և փոքրիկնրին բարի երթ է մաղթել Շիրակի մարզպետը։
Մանկապարտեզի բացման առթիվ ողջունել և շնորհավորել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
Նշենք, որ Կառնուտի մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, նախատեսված է 50 երեխայի համար:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է եղել, գումարի 70 տոկոսը տրամադրել է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։