Նորություններ
Շիրակի մարզպետը պարգևատրել է «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի Շիրակի մարզի ընտրական փուլի հաղթողներին
30.09.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել և հավաստագրերով ու գավաթներով է պարգևատրել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի հաղթող Առափիի, Պեմզաշենի և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերին և ուսուցիչներին։
Կարևորելով առողջ ապրելակերպն ու դպրոցականների շրջանում հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է մարզային փուլի հաղթող թիմերին և հույս հայտնել, որ հաջորդ տարի հանրապետական փուլից ավելի լավ արդյունքներով կվերադառնան։
Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է եղել 10-12-րդ դասարանների 2 աշակերտ՝ մեկ տղա և մեկ աղջիկ: Աշակերտները մրցապայքարի են ելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված հեծանիվներով և սաղավարտներով։ Հաղթող և մրցանակակիր թիմերը որոշվել են տղայի և աղջկա կողմից գրանցած արդյունքների հանրագումարով։
Առափիի, Պեմզաշենի և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների թիմերը սեպտեմբերի 28-29-ը մասնակցել են Գեղարքունիքի մարզի «Արևիկ» հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում՝ շուրջ 20 կմ մրցատարածությունում անցկացվող հանրապետական փուլի մրցումներին։
Նշենք, որ նախորդ տարիներին հեծանվավազքի սիրողական մրցաշարն անցկացվում էր կանանց և տղամարդկանց երկու տարիքային խմբերի համար։ «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի անցկացման կարգում կատարված փոփոխությամբ՝ այս տարվանից սկսած՝ խճուղային հեծանվավազքի և սեղանի թենիսի մրցաշարերն անցկացվում են միայն դպրոցականների համար: Իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարին մասնակցող 3 տարիքային խմբերից մեկը 13-17 տարեկան դպրոցականներն են։