Նորություններ
Տեղի է ունեցել հանդիպում ԼՂ-ից տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ
01.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի Շիրակի մարզից ընդգրկված անդամների՝ Նվեր Բարսեղյանի, Արթուր Մարտիրոսյանի, Վարուժան Սահակյանի և մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների միջև։
Հանդիպման մեկնարկին ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և հասարակական խորհրդի գործունեության կարևորությանն է անդրադարձել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը բազմիցս առիթ ունեցել է ասելու, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների և հնարավորությունների շրջանակում ձեզ աջակցելու, սատար կանգնելու, այժմ էլ նույնն եմ կրկնում և ուզում եմ հավաստել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերում, հատկապես երբ կա պետական այսօրինակ համակարգված աջակցություն, իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնց մասին ձեզ տեղեկացրել ենք տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ»։
Հանդիպման ժամանակ ներկաները հնարավորություն են ունեցել դիմելու իրենց հուզող հարցերով, որոնք մասնավորապես առնչվել են և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, քաղաքացիություն ստանալու ընթացակարգին, մասնավոր մի շարք խնդիրների։