Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շտկվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» սպորտային նոր համալիրի նախագծային թերությունները

02.10.2024

 Շտկվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» սպորտային նոր համալիրի նախագծային թերությունները
Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցի, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանի հետ հետևել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին՝ համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու նպատակով։
Դիտարկվել է առկա վիճակը, պատասխանատուները հետևել են մասնակի քանդման աշխատանքներին։
Կարևոր նշանակություն ունեցող այս համալիրի կառուցման ծրագիրը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում իրականացվել են համատեղ բազմաթիվ շրջայցեր և քննարկումներ։
Տարբեր այցերի ընթացքում մարզպետն անձամբ է նշել, որ անընդունելի է ցանկացած թերացում՝ շինարարին հորդորելով անել հնարավորը խնդիրներից զերծ մնալու համար։
Նշենք, որ քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել պայմանավորվածություն համալիրի նախագիծը հեղինակած ընկերության հետ, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է մշակել նախագծային նոր լուծումներ և փոխհատուցել պետությանը հասցված վնասները։ «Ծրագիրն իրականացնելիս նախագծային սխալ հաշվարկի պատճառով սպորտային հատվածի 3-րդ մասնաշենքի ծածկի սալը թույլատրելի սահմանից ավելի է ճկվել։ Չնայած շինարարությունն իրականացնող կազմակերպության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ խնդրի համակողմանի ուսումնասիրման, հնարավոր հետևանքների գնահատման արդյունքում որոշվել է քանդել ծածկը։ Նախագծող կազմակերպությունն արդեն ներկայացրել է քանդման և նոր ծածկի կառուցման նախագիծ՝ պարտավորվելով սեփական միջոցներով հոգալ նաև շինարարական աշխատանքների ծախսերը»,-լրագրողների հետ զրույցում նշել է Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։
Սպորտային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «Սարգիս և Մարիաննա» ՍՊ ընկերությունը Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պատվիրատվությամբ։ Արդեն կառուցման աշխատանքներն իրականացվում են Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի կողմից։
Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և պատշաճ որակով։
6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
Մարզպետի տեղակալները ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ այցելել են նաև Բերդաշեն և Արեգնադեմ բնակավայրեր, որտեղ հետևել են դպրոցների շինաշխատանքների ընթացքին։
Բերդաշենի դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ Նույն շրագրով է կառուցվում նաև Արոգնադեմի դպրոցը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 հազար դրամ։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 17:26:20