Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շաբաթվա ավարտին ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է հերթական խորհրդակցությունը

04.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային շաբաթվա ավարտին ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է հերթական խորհրդակցությունը:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Շիրակի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի՝ ՀՀ ՏԿԵՆ ուղարկված հայտերի վերաբերյալ օրակարգային հարցով զեկուցվել է, որ 2024 թվականին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 11 մլրդ 67 մլն դրամ՝ հաստատվել է 23-ը (82 ենթածրագիր)՝ մրցութային (2 ծրագիր) և ընթացիկ (21 ծրագիր), փուլում են, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ 597 մլն դրամ։
Մարզպետը հետաքրքրվել է աշխատանքների որակով և ընթացքով, հապաղումների և ձգձգումների պատճառներով․ «Ինչպես միշտ ենք այցելում, տեղում հետևում աշխատանքների ընթացքին, դրանցում արձանագրված թերացումներին և հանձնարարականներ տալիս շուտափույթ վերացման ուղղությամբ, այնպես էլ շարունակելու ենք և նոր տեմպ ենք հաղորդելու մեր աշխատանքներին, տարին ավարտին է մոտենում, մեզ անհրաժեշտ է լինել առավել զգոն ու հետևողական, այս հանձնարարականը պետք է փոխանցել նաև համայնքներին և բոլոր պատասխանատուներին»։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման աշխատանքներին։ Մարզպետի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուները ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ կքննարկեն ինչպես ձմեռային նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ ընթացիկ նորոգումներին ու մաքրության պահպանությանն առնչվող հարցեր։
Մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, կարկտահարության ու կրծողների պատճառած վնասների ծավալների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկույցում մասնավորապես նշվել է, որ Շիրակի մարզում 2024-ին կարկտահարության հետևանքով վնասվել է 2117 հա ցանքատարածություն։ Համայնքներում ստեղծված հանձնաժողովների կողմից կատարվել է ցանքատարածությունների ուսումնասիրություն և գույքագրում, կազմվել են ակտեր և ներկայացվել մարզային հանձնաժողովին, որից հետո ուսումնասիրված տվյալներն ուղարկվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ 2025 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 5 հազար հա աշնացան ցորենի ցանք։ Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումենրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» մասնագետների կողմից շուրջ 18 հազար հա վարելահողերում և չմշակվող հողատեսքերում իրականացվում է մոնիթորինգ։ Աշխատանքների ավարտից հետո, մարզին անհատույց կտրամադրվի համապատասխան քանակությամբ մկնասպան թունանյութ բարձր և միջին վարակված տարածքներում պայքարի միջոցառում իրականացնելու համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր, ըստ այդմ հոկտեմբերի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել է 89 տոկոս, 100 և ավելի տոկոսով եկամուտների հավաքագրման ցուցանիշ են ապահովել Անի և Արթիկ համայնքները։
«Ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ տենդենցը դրական է, սակայն ինձ համար այն բավարար չէ և պետք է հստակ աշխատանք տարվի մինչև տարեվերջ եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու համար»,- նշել է Մուշեղ Մուրադյանը՝ հանձնարարելով աշխատակազմի պատասխանատուներին աշխատանքներում համայնքներին աջակցել։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական կազմակերպությունների աշխատանքին և հնարավոր համաճարակներին դիմակայելու նպատակով դեղորայքային ապահովման և տեխնիկական հագեցվածության խնդիրներին։
Խորհրդակցության ավարտին մարզպետն աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին նոր հանձնարարականներ է տվել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 11:01:35