Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը

11.10.2024

 «Շիրակցին արժանի է, որպեսզի օր առաջ հոգսերը թեթևանան, որ ունենա զարգացած բնակավայր, համայնք ու մարզ։ Մեր ջանքերը պետք է միտված լինեն դրան, իսկ խնդիրների լուծմանը կհասնենք միայն անդուլ աշխատանքով, համագործակցությամբ ու միասնականությամբ»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր անցկացվել է մարզի խորհրդի հերթական նիստը։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի երրորդ եռամսյակի կատարմանը։ Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89 տոկոսով։ Ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 114.7 տոկոս, ամենացածրն անշարժ գույքի հարկը՝ 72 տոկոս։
«Մշտապես ասել եմ, որ սեփական եկամուտների հավաքագրումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է, պետք է բոլոր ջանքերը ներդնեք, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք։ Կառավարությունն անում է հնարավորը մարզի բոլոր համայնքներում, բոլոր բնակավայրերում տարատեսակ ծրագրեր իրականացնելու, ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով, մեզ մնում է աշխատել և աշխատել առանց թերացումների։ Մարզխորհրդի նախորդ նիստի ընթացքում ներկայացված ցուցանիշը դրականորեն փոխվել է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլ՝ 83 մլն դրամից ավելի գումար ենք հավաքագրել, քանի որ մեր առջև ավելի բարձր նշաձող էինք սահմանել, այս ամենով հանդերձ, անելիքներ ունենք դեռ և մեր համայնքների խնդիրը չորրորդ եռամսյակում 89 տոկոս ցուցանիշը կտրուկ բարձրացնելը պետք է լինի, այս հարցում մարզպետի աշխատակազմը ձեզ միայն աջակից ու հենարան է»,- ընդգծել է մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Ըստ Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանի, 2024-ի անցած ժամանակահատվածում ֆինանսավորվել է 22 ծրագիր (35 ենթածրագիր), ընդհանուր 3 մլրդ 132 մլն դրամ արժողությամբ, գումարի 55,7 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։
2024-ին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 67 մլն դրամ, հաստատվել է 24-ը (102 ենթածրագիր)՝ 6 մլրդ 261 մլն դրամ ընդհանուր արժեքով, ՀՀ կառավարության համամասնությունը 52.1 տոկոս է։
«Այն, որ Շիրակի մարզը շինարարական եռուզեռի մեջ է՝ որևէ մեկը չի կարող չնկատել, պետություն-համայնք համագործակցությամբ տասնամյակներ շարունակ չլուծված բազմաթիվ խնդիրներ են լուծվել, մեր խնդիրն այժմ սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ հոգատար ու հոգացավ վերահսկողություն իրականացնելն է, բոլոր բնակավայրերում համամասնորեն խնդիրները լուծելը»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Շիրակի մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների մասին օրակարգային հաջորդ հարցով զեկուցել է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Ըստ այդմ, կատարվել է 47711 հա ցանք, ամբողջությամբ ավարտվել է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, հնձվել է շուրջ 34000 հա, միջին բերքը, ըստ նախնական կանխատեսումների, կազմում է 22-24 ց։ Ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը, հավաքվել է շուրջ 60 հազար տոննա կարտոֆիլ, միջին բերքը՝ շուրջ 20 տոննա։ 2025-ի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 5000 հա աշնանացան ցորենի ցանք։ «Բուսաբուծության աջակցության» պետական ծրագրի շրջանակներում մարզի 1512 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 5980 հա ցանք, փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 430.5 մլն դրամ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից մարզին անհատույց տրամադրված 1040 լիտր թունանյութով առավել վարակված 13000 հա տարածության վրա իրականացվել են մկնանման կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:31:21