Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եղել է Անի համայնքում

14.10.2024

 Աշխատանքային այցով Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր եղել է Անի համայնքում։ Մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ մարզպետը շրջել է Մարալիկում, որտեղ դիտարկվել են ընթացքի մեջ գտնվող փողոցաշինական աշխատանքները։
Մարալիկ քաղաքի Հաղթանակ և Ձերժինսկի փողոցներում և Ազատության հրապարակում այժմ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։ Փողոցները նորոգվում են մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում։ ՀՀ կառավարությունը դեռ մայիսին նորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 209 մլն 597 հազար դրամ, Կառավարության հունիսի 27-ի որոշմամբ ևս 70 մլն 196 հազար դրամ էլ հատկացվել է աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով:
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ զրույցում ընդգծել է, որ ամեն ինչ պետք է արվի շինարարությունը ժամանակին և առանց խնդիրների ավարտելու համար։
Մարալիկում մարզպետը հանդիպել է նաև բնակիչների հետ, զրուցել, լսել նրանց բարձրացրած հարցերը, քննարկել առաջիկա անելիքներն ու նշել, որ ցանկացած ծրագրի իրականացման հարցում կարևորը քաղաքացիների կարծիքն է, քանի որ պետության միջոցներն ուղղվում են նրանց խնդիրների լուծման նպատակին։
Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը եղել Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում, մարզպետն այցելել է Հայաստանի պատմաճարտարապետական ու հոգևոր ամենաարժեքավոր կառույցներից մեկը համարվող Երերույքի տաճար։
Տաճարում «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոնի» պատվիրատվությամբ՝ ԱՄՆ դեսպանության «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել են պահպանության, տաճարի հիմքերի ամրակայման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 495 մլն դրամ։
Նշենք, որ Կառավարության որոշմամբ ստեղծված Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրում գտնվող «Երերույք» պատմամշակութային արգելոցի տարածք սահմանվել է շուրջ 4․4 հեկտարը։ Արգելոցի ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի ստեղծման արդյունքում ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 13:46:28