Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը ստորագրել են նվիրաբերության պայմանագիր
14.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ու Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր ստորագրել են նվիրաբերության պայմանագիր, որով նախատեսվում է Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասը տրամադրել նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակին։
ՀՀ կառավարության դեռ սեպտեմբերի 12-ի որոշմամբ նախատեսվել էր հողամասի նվիրատվությունը և այն ամրացվել էր մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով կենտրոնն ընդգրկվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում ծրագրում։
Համայնքն արդեն 1,5 հա հողհատկացումն արել էր, Կառավարության որոշմամբ 6,6 մլն դրամ գումար էլ հատկացվել էր բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման համար։
Գլխավոր հատակագիծը մշակելիս նախագծող ընկերության կողմից առաջարկվել էր բարեկարգման նպատակով ներառել բժշկական կենտրոնին հարակից հողատարածքը և այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող 0․4085 հա մակերեսով հողամասը հավելյալ տրամադրել Արթիկի բժշկական կենտրոնին, որը ևս ՀՀ Կառավարությունը հաստատել է, քանզի այն բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի պահանջներից։
Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է Կառավարության՝ առողջապահության բնագավառի զարգացմանը միտված նախաձեռնություններին և կարևոր ձեռնարկներից համարել Արթիկի բժշկական կենտրոնի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանի բնակչությանը սպասարկել ժամանակակից բժշկական հաստատությունում, որն ունենալու է բոլոր հնարավորությունները։