Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում
16.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով եղել է Աշոցք համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Մանուկյանի ուղեկցությամբ դիտարկվել են սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, մասնավորապես, մարզպետը եղել է Աշոցքի հրապարակում, որի ասֆալտապատման նպատակով համայնքը 2024-ին սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել։
«Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրի կապալի պայմանագիրը կազմել է 72,6 մլն դրամ, Կառավարությունը կփոխհատուցի գումարի 50 տոկոսը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Մարզպետը պատասխանատուների հետ զրույցում կարևորել է դրանց որակով իրականացումն ու հոգացավ վերաբերմունքը յուրաքանչյուր աշխատանքի նկատմամբ։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղել է նաև «Արփի լիճ» ազգային պարկում։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի, ազգային պարկի աշխատակիցների հետ մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել, որի ժամանակ անդրադարձ է կատարվել պարկի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցերի։