Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկա է գտնվել «Այգաբացի օր» միջոցառմանը
20.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել
«Այգաբացի օր» միջոցառմանը, որին մարզպետի հետ մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, վարչական ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և տոնական օրվա առթիվ այգաբացցիներին շնորհավորել է Շիրակի մարզպետը. «Սրտանց շնորհավորում եմ Այգաբացի օրվա առթիվ։ Այսօր տոնական է բոլորիս համար, կոլորիտային ու սիրուն Այգաբացը տոնում է օրը։
Հիմա պատեհ առիթ է խոսելու Այգաբացի կենսասեր ու յուրահատուկ, հյուրասեր ու ավանդապահ բնակիչների մասին, ուրախ եմ ձեզ տեսնելու և ողջունելու կրկին։
Ախուրյան համայնքը բռնել է զարգացման շատ հաստատուն ճանապարհ և նրա բնակավայրերում ակնառու փոփոխություններ են իրականացվում, Այգաբացը բնակավայրերից մեկն է, որի խնդիրներն ու հոգսերը անձամբ իմ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետի ուշադրության կենտրոնում են։ Դժվարություններ ու խոչընդոտներ, իհարկե դեռ կան, բայց համատեղ ջանքերով ու անդուլ աշխատանքով, ձգտմամբ ու համառ հաստատակամությամբ կհաղթահարենք։
ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են բոլոր համայնքներն ու բնակավայրերը, դրա վառ ապացույցը բազմաթիվ նախաձեռնություններն են, սուբվենցիոն ծրագրերը, որոնք տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը միտված կառավարություն-համայնք համագործակցության լավագույն օրինակներ են։
Չեմ կասկածում, որ Ախուրյան համայնքը, Այգաբաց բնակավայրը դեռ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների մասին են խոսելու և միասին նորամուտերի ու նոր ծրագրերի ազդարարմանը նվիրված միջոցառումների ենք մասնակցելու։
Այգաբացին զարգացման նորանոր ծրագրեր, հաջողություններ ու բարեկեցություն եմ ցանկանում, կենսուրախ ու շենացնող այգաբացցիներին էլ՝ ամենայն բարիք։
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Այգաբաց»։
Միջոցառումն անցել է տոնական մթնոլորտում, ելույթ են ունեցել բնակավայրի դպրոցի սաները, տաղավարներում ներկայացվել են ավանդական գյուղական ուտեստներ։