Նորություններ
Ախուրյանի Մայիսյան բնակավայրում հանդիսավորությամբ անցկացվել է «Դեղձ փառատոնը»
20.10.2024
Ախուրյանի Մայիսյան բնակավայրում այսօր հանդիսավորությամբ անցկացվել է «Դեղձ փառատոնը», որը նվիրված է եղել ծնունդով մայիսյանցի նկարիչներ Վալերի Ափինյանին և Դեղձ Աշոտին՝ Աշոտ Հովհաննիսյանին։
Միջոցառմանը մասնակցել են մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատուներ, վարչական ղեկավարներ, հյուրեր։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և ուրախ ժամանց է մաղթել Շիրակի մարզպետը. «Անչափ սիրուն նախաձեռնության ենք մասնակցում, ինչպես ինքներդ եք նշել՝ տարվա ամենաավանդական ու գունավոր միջոցառմանը՝ «Դեղձ փառատոնին», որը տեղի է ունենանում ոչ պակաս կոլորիտային Մայիսյան բնակավայրում։ «Դեղձ փառատոնի» նպատակն ու այն հանգամանքը, որ նվիրված է մեր հայտնի նկարիչներ Վալերի Ափինյանին և Դեղձ Աշոտին՝ Աշոտ Հովհաննիսյանին, որ ծնունդով Մայիսյանից են և ովքեր հայ արվեստի պատմության էջերում ընդմիշտ մնացին մեկն իբրև գրաֆիկական աշխատանքների, մյուսը՝ գունային չափազանց վառ և էքսպրեսիվ զգացողության տեր արվեստագետներ՝ արդեն իսկ մեզ առանձնակի ոգևորություն է ներշնչում։
Դեղձը գույնի նկարիչ էր, նորարար և հեղափոխական հայ արվեստում, ուներ հազվագյուտ գեղանկարչական տաղանդ։ Նրա սյուժետային նկարները պարզ են, մոտիվները՝ առօրեական, բնական և անհավակնոտ:
Եվ այսօր ամենաառօրեական մոտիվներով, բնական շփման միջոցով հնարավորություն ունենք ծանոթանալու Մայիսյան, Մարմաշեն, Հովունի, Վահրամաբերդ և Կապս գյուղերի արվեստագետների գործերին և տեղի գյուղմթերքին։ Հնարավորություն ունենք տոնելու և տոնական մթնոլորտում խոսելու համայնքի ստեղծագործական ոգու և բերքի հարստության մասին»։
Փառատոնի շրջանակներում բացվել են արվեստի տաղավարներ` տեղի վարպետների ստեղծագործությունների ցուցադրությամբ, անցկացվել վարպետաց դասեր՝ արվեստի թեմաներով, հնչել է կենդանի երաժշտություն, երգ ու պար, եղել տեղական բերքի ցուցադրություն և համտես։
«Դեղձ փառատոնը» կազմակերպվել է «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակում համայնքային համախմբմանն ու մասնակցության խթանմանն ուղղված փոքր դրամաշնորհային ծրագրով՝ ԱԽՀ Մայիսյան, Հովունի, Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերի համագործակցությամբ: