Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի պատասխանատուներին
23.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագրի պատասխանատուներ Դավիթ Նիկողոսյանին և Արմեն Աջամօղլյանին։
Հանդիպման ժամանակ պատասխանատուները մարզպետին են ներկայացրել 2019-ից մեկնարկած «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագրի ընթացքն ու արված աշխատանքներին անդրադարձել՝ նշելով, որ ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից։ Ծրագրի տարածքն ընդգրկել է Արթիկի տարածաշրջանը, որը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքավայրերով:
Կարևորելով բնապահպանական հիմնահարցերի օր առաջ լուծումն ու շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը միտված ջանքերը՝ Շիրակի մարզպետը գնահատելի է համարել մինչ օրս արված աշխատանքներն ու անդրադարձել դրանց պահպանմանն ու համայնքի հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։
«Մենք բարձր ենք գնահատում անցած տարիներին ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը, քանզի ծրագրով խնդիր էր դրվել բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կառավարելի դարձնել ջրհեղեղները՝ նվազեցնելով դրանց հետևանքները, ստեղծել բնական աղետների կանխարգելման վաղ արձագանքման համակարգ, կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում բարելավել համայնքի հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողական ներուժը և բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը։ Այժմ էլ մարզպետի աշխատակազմը համայնքի հետ համագործակցությամբ ջանք ու եռանդ չի խնայի արված աշխատանքները պահպանելու համար»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրով նախատեսված հետագա քայլերի իրականացմանն առնչվող հարցեր։