Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ

30.10.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, ստորաբաժանումների ղեկավարները մարզպետին ներկայացրել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին։
Զեկուցվել է, որ 2024 թվականին ներկայացված 43 (164 ենթածրագիր) սուբվենցիոն ծրագրերից, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 11 մլրդ 67 մլն դրամ՝ հաստատվել է 23-ը (82 ենթածրագիր)՝ մրցութային (2 ծրագիր) և ընթացիկ (21 ծրագիր) փուլում են, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ 597 մլն դրամ։
Մարզպետը հետաքրքրվել է աշխատանքների որակով և ընթացքով, հապաղումների և ձգձգումների պատճառներով․ «Այն, որ ցանկացած ծրագրի հսկողություն մանրադիտակով պետք է լինի՝ արդեն իսկ ասել եմ և կրկնում եմ։ Ինչպես միշտ ենք այցելում, տեղում հետևում աշխատանքների ընթացքին, դրանցում արձանագրված թերացումներին և հանձնարարականներ տալիս շուտափույթ վերացման ուղղությամբ, այնպես էլ շարունակելու ենք և նոր տեմպ ենք հաղորդելու մեր աշխատանքներին, հորդորում եմ լինել առավել զգոն ու հետևողական»։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։
Մարզպետին է զեկուցվել, որ Շիրակի մարզի 496,4 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից ձմեռային ժամանակահատվածում սպասարկվում է 337,7 կմ ավտոմոբիլային ճանապարհը։ Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող ընկերությունները ձմեռային սպասարկման աշխատանքները ժամանակին և որակով իրականացնելու համար կուտակել են անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ, ձմեռային սպասարկման աշխատանքներում օգտագործվող տեխնիկան գտվում է սարքին վիճակում:
Մարզպետի հանձնարարությամբ, ոլորտային պատասխանատուները ճանապարհները սպասարկող կազմակերպությունների հետ կքննարկեն ինչպես ձմեռային սպասարկման աշխատանքների մեկնարկի, այնպես էլ ընթացիկ մաքրության պահպանությանն առնչվող հարցեր։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի համայնքների հիմնանորոգված և նորակառույց մանկապարտեզների գույքի ձեռքբերման գործընթացին։
Ըստ այդմ, մանկապարտեզների համար մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված մրցույթներն ավարտված են՝ արդյունքում ձեռք բերված 7496 անվանում գույքը մատակարարման փուլում է։
Մարզպետի հանձնարաությամբ ոլորտային ստորաբաժանումն, իրավասությունների սահմաններում, անելու է հնարավոր ամեն ինչ՝ գործընթացն առանց թերացումների իրականացնելու համար։
Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկույցում մասնավորապես նշվել է, որ Շիրակի մարզում 2024 թվականի բերքի տակ կատարվել է 47711 հա ցանք, ամբողջությամբ ավարտվել է աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը՝ հնձվել է շուրջ 34000 հա ցանքատարածություն, միջին բերքն ըստ նախնական կանխատեսումների կազմում է 22-24 ց։ Ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը։
Շիրակի մարզում 2025 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 9450 հա աշնանացան ցորենի ցանք։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում մարզի 1512 շահառուի կողմից իրականացվել է շուրջ 5980 հա ցնաք, որի փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 430.5 մլն դրամ։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է 2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսված ֆինանսական հատկացումներին։
Խորհրդակցության ավարտին մարզպետն աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին նոր հանձնարարականներ է տվել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23