Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻ
10.11.2024
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգարժա՛ն աշխատակիցներ
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:
28 տարվա տարեգրությամբ տեղական ինքնակառավարման համակարգը չափազանց կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման և զարգացման գործում:
Համակարգը, որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի հիմնասյուն, մի շարք փոփոխությունների ենթարկվելուց հետո, այսօր դարձել է առավել կենսունակ ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման ճանապարհին:
Առավել մոտ կանգնած լինելով համայնքի բնակչին` ՏԻՄ-երը յուրատեսակ ուժ են ոչ միայն համայնքային խնդիրների վերհանման, այլև դրանց լուծմանը հասնելու ճանապարհին:
Համայնքների կայունությունն ու բարեկեցիկ միջավայրի կառուցումը մեր Կառավարության առաջնահերթություններից է։ Ողջ երկրում, այդ թվում և Շիրակի մարզի համայնքներում արդյունավետորեն իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր՝ նորոգվում ճանապարհներ, ենթակառուցվածքներ, համայնքային կենտրոններ։
Վստահ եմ ՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարները հետայսու էլ շարունակելու են իրականացնել գործառույթները, որոնք միտված են միմիայն մարզի բնակիչների բարեկեցությանը և համայնքների շենացմանը։
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը և իրականացմանը:
Կրկին շնորհավորելով Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին մաղթում եմ աշխատանքային հաջողություններ, նպատակասլացություն, հաստատակամություն, մեր երկրին և մեր մարզին՝ շարունակական առաջընթաց։