Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագիր ընդգրկված մի շարք դպրոցների տնօրենների
13.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագիր ընդգրկված մի շարք դպրոցների տնօրենների։ Հիմնանորոգվող կամ վերակառուցվող բաղադրիչ ընդգրկված դպրոցներում աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Հանդիպման ժամանակ Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է առաջիկայում մեկնարկելիք աշխատանքների և դասապրոցեսի համաժամանակյա հարթ ընթացքի, աշակերտների անվտանգության ապահովմանը։
«Կառավարության առաջնահերթություններից է դպրոցների նորոգումը, կառուցումն ու վերակառուցումը, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի նպատակը միայն կրթական պայմանների բարելավումը չէ, այլև կրթության որակի բարձրացումը, այնպես որ մենք պետք է անենք մեզնից անցած ամեն ինչ՝ պետական միջոցները նպատակային օգտագործելու, իրականացվող ծրագրերում թերացումները բացառելու համար, այստեղ կարևոր է նաև, որ երբ ձեր դպրոցներում մեկնարկեն շինաշխատանքները դասապրոցեսը չտուժի, հաշվի առնվեն մեր դպրոցականների անվտանգային հարցերն ու ոլորտային պատասխանատուների հետ համագործակցելով իրականացվի թե կրթական պրոցեսը, թե շինարարությունը։ Գիտեմ, որ ամեն դպրոցի մասով տարբեր լուծումներ ենք գտնելու, բայց պետք է վստահ լինեմ, որ դուք ևս ջանք չեք խնայի ձեր լիազորությունների շրջանակից բխող բոլոր հարցերը ժամանակին լուծելու համար»,- նշել է Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ մարզպետի աշխատակազմը հնարավորությունների սահմանում կաջակցի ու սատար կկանգնի դպրոցներին։
Նշենք, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ:
Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում, որի նպատակն է ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիություն ՀՀ բոլոր մարզերերում և Երևանում։
Դպրոցական միջավայրին առնչվող մի շարք գործոնների կարգավորման շնորհիվ, որպես հետևանք, կարձանագրվեն կրթական բարելավված արդյունքներ: Բնակավայրերը կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կբարելավվի դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը:
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 55 կրթական հաստատություններ Շիրակում նոր շունչ կստանան, խոսքը 30 դպրոցի և 25 մանկապարտեզի մասին է, դրանց մի մասն արդեն կառուցվել ու նորոգվել է, մի մասի շինաշխատանքներն ընթացքի մեջ են, որոշ հաստատությունների նորոգումն էլ կմեկնարկի առաջիկայում։ Հիմնովին կառուցվելու է 13 կրթահամալիր և դպրոց։