Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենին
14.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանին և Գյումրու թիվ 15 դպրոցի տնօրենին:
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ հասցրել է որոշակիորեն ծանոթանալ հիմնադրամի աշխատանքներին, անցած ժամանակահատվածում Գյումրու թիվ 15 դպրոցում ծավալած գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի երեխայակենտրոն ու մարդասիրական աշխատանքը։
Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու գնահատանքի համար և Մուշեղ Մուրադյանին է ներկայացրել «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեությունը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին, մասնավորապես պլանավորված վերանորոգման աշխատանքներին և երիտասարդության հետ նոր մեկնարկելիք աշխատանքներին։ Ըստ Սպարտակ Սարգսյանի, նոր սկսվող ծրագրով նախատեսվում է երիտասարդների բիզնես կառավարման հմտությունների դասավանդում, թրեյնինգներ և ստարտափերի ֆինանսավորում։
Շիրակի մարզպետը հավաստիացրել է, որ մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը լիազորությունների շրջանակում կազմակերպության ծրագրերի իրականացմանն աջակցելու ուղղությամբ՝ կարևորելով թե անչափահասների հիմնախնդիրների լուծումը, թե երիտասարդներին աջակցելն ու նրանց հմտությունների զարգացումը։