Նորություններ
Շիրակի մարզպետն արժանացել է պատվոգրի, իր կողմից Մուշեղ Մուրադյանը պատվոգիր և շնորհակալագրեր է հանձնել 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին
20.11.2024
Պարտականությունները պատշաճ կատարելու, անմնացորդ նվիրումի, հայրենանվեր ու անձնուրաց ծառայության, 25-օրյա վարժական հավաքներին ակտիվ մասնակցության համար` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում պատվոգիր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության զորքերի Շիրակի մարզի տարածքային պաշտպանության բրիգադի հրամանատարին և հրամանատարի տեղակալներին, ինչպես նաև Շիրակի մարզի մի շարք պահեստազորայինների։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է ներկաներին, բարձր գնահատել 25-օրյա վարժական հավաքներին մարզի պահեստազորայինների ակտիվ մասնակցությունը․«Բանակը մեր երկրի սահմանների, անկախ պետականության հուսալի պաշտպանն է, ժողովրդի խաղաղ և անվտանգ կենսագործունեության ապահովողը, ինչպես նաև երկրի առաջընթացի կարևորագույն բաղադրիչը։ Ուստի յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք անել հնարավորը, որպեսզի հայկական բանակը լինի ամուր և պաշտպանված։ Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը։
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլորիդ, քանի որ դուք 25-օրյա վարժական հավաքներին ձեր առջև դրված առաջադրանքը պատվով եք կատարել՝ դրսևորելով ակտիվ մասնակցություն և հայրենանվեր ու անձնուրաց ծառայություն։
Վստահ եմ՝ Ձեզ համար միշտ էլ պատիվ է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու զինված ուժերին, քանի որ մեր հայրենիքի ու մեր սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև այնքան փխրուն խաղաղությունը շատ կարևոր է բոլորիս համար»։
Շիրակի մարզպետին ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության զորքերի Շիրակի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանը պատվոգիր և հուշանվեր է հանձնել, պատվոգրի է արժանացել նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը։