Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է «PARTNERS» բիզնես ակումբի անդամներին

22.11.2024

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է «PARTNERS» բիզնես ակումբի անդամներին՝ հիմնադիր Տաթև Ավետիսյանի գլխավորությամբ։
Մուշեղ Մուրադյանը ողջունել է հյուրերին և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները, վստահեցրել, որ ամեն ինչ կանի իրավասությունների ու լիազորությունների շրջանակներում ակումբի կողմից ներկայացված բիզնես առաջարկների իրականացմանն աջակցելու համար․ «Գործարարն աշխատել սիրող մարդն է։ Գնահատելի է ձեր նախաձեռնողականությունը։ Շիրակի մարզը շատ առանձնահատկություններ և առավելություններ ունի, մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում ներդրումներ կատարելու համար։ Պատմամշակութային հարուստ ժառանգությունից զատ, Հայաստանի հյուսիսային մարզ Շիրակը խիստ գրավիչ է թե որպես ձմեռային տուրիզմի լավագույն վայր, թե գաստրոտուրիզմի, էլ չխոսեմ «Արփի լիճ» ազգային պարկի գրավչության մասին։ Որպես Շիրակի մարզպետ և որպես շիրակցի, ինձ համար անչափ կարևոր է ցանկացած ծրագիր և ներդրում, որը կիրականացվի մարզում։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել ձեզ նախաձեռնություններն արագ կյանքի կոչելու համար»։
Տաթև Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, նշել որ հետաքրքրված են Շիրակի մարզով և ուզում են գործունեություն ծավալել այստեղ, ներկայացրել ակումբի գործունեությանն առնչվող մանրամասներ։ Ըստ այդմ, բիզնես ակումբն ունի մեկ տարվա պատմություն և արդեն լուրջ հաջողություններ է գրանցել, որոնց կարևոր գաղտնիքներից մեկը ճիշտ մարդկանց հետ համագործակցելն է։ Այն, ըստ Տաթև Ավետիսյանի, միավորում է լավագույններին, ովքեր ոչ միայն կիսում են իրենց փորձը, այլև աջակցում միմյանց՝ նոր հնարավորություններ տեղծելու համար։ Անդամներն այնպիսի ընկերությունների հիմնադիրներ են, որոնց տարեկան շրջանառությունը 150 մլն դրամից ավելի է և որոնք բիզնես գործունեություն են իրականացնում երեք տարուց ոչ պակաս։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում ներդրումային ծրագրեր իրականացնելուն, ակումբի անդամ հանդիսացող «Յունիվերս» ուսումնական կենտրոնի կողմից թանգարանների աշխատակիցներին անգլերենի առցանց դասընթացներ կազմակերպելուն առնչվող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նորից հանդիպելու` մարզի համայնքների ղեկավարների և գործարարների մասնակցությամբ առավել կառուցողական քննարկում ունենալու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20