Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները մասնակցել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող քննարկմանը

22.11.2024

 Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, աշխատակազմի պատասխանատուները նոյեմբերի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մասնակցել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, համակարգում կանանց ներգրավվածության ուղիներին ու առկա մարտահրավերներին վերաբերող քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, շահագրգիռ այլ անձինք։
Շիրակի մարզի 100 երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները։
«Նմանատիպ քննարկումները, կարծում եմ, խթան են, որպեսզի կանայք ավելի ոգևորված և ավելի մոտիվացված մուտք գործեն ուժային կառույցներ, կոնկրետ այս դեպքում՝ Պարեկային ծառայություն»,-նշել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:
Անդրադառնալով կին ծառայողի նկատմամբ հանրային ընկալման առանձնահատկություններին՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը խոսել է նրանց ներգրավմամբ ծառայության առանձնահատկությունների և արդյունավետության մասին։ Նա կարևորել է քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը, հասարակության դրական արձագանքը։
ՆԳՆ Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը հանդիպման կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետի աշխատակազմին։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության հենասյունային ուղղություններում ընթացող բարեփոխումները, նաև կարևորել է ոստիկանությունում կին ծառայողների ավելի մեծ ներգրավվածությանն ուղղված ջանքերը։
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի խոսքով՝ «Կանայք այսօր պատրաստ են հաղթահարելու հասարակական կարծիքը և ակտիվ ներգրավվածություն ունենալ մեր երկրի ղեկավարման տարբեր օղակներում, ինչպես նաև ուժային կառույցներում, ինչը շատ ողջունելի է»: Փոխմարզպետն ընդգծել է հասարակության տարբեր օղակների ներգրավմամբ հանդիպումների կարևորությունը, անդրադարձել գործող ծառայողների օրինակով կին ոստիկանի հանդեպ կարծրատիպեր կոտրելու հնարավորություններին։
«Կանանց ներգրավվածությունն ավելի բարդ խնդիր է մարզերում, որովհետև այստեղ մենք բախվում ենք ավանդապահ մտածելակերպի հետ: Եթե համեմատենք տարիներ առաջ և հիմա, բավական առաջընթաց ունենք»,- նշել է Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը:
Խոսելով տարբեր ոլորտներում և պատասխանատու պաշտոններում կանանց ներուժի և առաջնորդական կարողությունների մասին՝ Աժ պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձել է, մասնավորապես, ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության, մասնագիտական առաջընթացի, ընտանիք-աշխատանք հարաբերակցության և հասարակության մոտեցումների վերափոխման հարցերին։
Հանդիպմանը քննարկվել են հասարակության կարծրացած պատկերացումների վերափոխման ուղղությամբ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, իրազեկող հոլովակների տարածման, ինչպես նաև տարբեր հանցագործությունների կանխարգելմանն առնչվող հարցեր։


ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41