Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եղել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում
25.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր եղել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում։ Դիտարկվել են ավարտական փուլում գտնվող ճանապարհաշինական աշխատանքները։ Բայանդուրից Գյումրի հատվածի ասֆալտապատումն արդեն իրականացված է, մնում է վերջնական կահավորման ու գծանշման աշխատանքների իրականացումը։
Կառավարությունն օրերս գումար էր նախատեսել Հ-75/Հ-62/ -Իսահակյան -/Մ-7/(Գյումրի) կմ60+ 200 - կմ67 + 330 և կմ70+ 800 - կմ73 + 593 /Բայանդուրից Գյումրի տանող 9,923 կմ/ հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման նպատակին։ Ծրագրի ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 599 մլն 998 հազար դրամ։
Կապալառուն «Եվրոասֆալտ» ընկերությունն է։
Շինկազմակերպության պատասխանատուն մարզպետի հետ զրույցում հավաստիացրել է, որ արվում է հնարավորն աշխատանքները լիարժեք իրականացնելու, դրանցում թերացումները բացառելու համար։
Մարզպետը համայնքի ղեկավարի հետ այնուհետև եղել է Բայանդուրի մանկապարտեզում։ Նրանք շրջել են մանկապարտեզում, հետևել աշխատանքների ընթացքին։
Բնակավայրի մանկապարտեզը շահագործման է հանձնվել 3 ամիս առաջ։ 273 մլն 801 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 80 տոկոսը պետությունն է հատկացրել։ Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։