Նորություններ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
27.11.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացրել համայնքների ղեկավարների և աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է ճանապարհների սպասարկմանը՝ նշելով, որ բոլոր պատասխանատու կառույցները պետք է անեն հնարավորը ձմեռային սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար՝ հորդորելով համայնքների ղեկավարներին ներհամայնքային ճանապարհների մաքրմանը ևս ուշադիր լինել։
Այնուհետև քննարկվել է նախորդ գործակարգավարական խոհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների արդյունքները, մարզպետը հետաքրքրվել է Վարչապետի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում տրված հանձնարարականների կատարման ընթացքից։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Անիպեմզա բնակավայրի Երերույքի տաճարի հարևանությամբ շուրջ 300 մետր երկարությամբ ճանապարհի վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի գազաֆիկացման և ոռոգման ջրի խնդրի լուծմանն ու մանկապարտեզ կառուցելու առաջարկին, Շիրակի հյուսիսում զբոսաշրջությունը զարգացնելու և Արփի լճի գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ «Արփի լիճ» ազգային պարկում նավավարության ծառայություններ ձեռք բերելու հարցին։ Պատասխանատուները զեկուցել են, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի մասնագետները Շրջակա միջավայրի նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների և «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ մասնակցել են քննարկման, որի ժամանակ դիտարկվել են «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանով նախատեսված միջոցառումների շրջանակում հարցի լուծման հնարավոր տարբերակներ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների, մասնավորապես, ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման և համայնքների մայթերի վիճակին առնչվող հարցերի։
Մուշեղ Մուրադյանը նշել է, որ պետք է անել հնարավորը Վարչապետի հանձնարականը՝ շահագործման հանձնված ճանապարհների և մայթերի պահպանման ուղղությամբ՝ պատշաճ կերպով արձագանքելով նոր կառուցված (նորոգված) ճանապարհների և մայթերի քանդման (վնասման) գործողություններին և իրականացնելով հսկողություն դրանց վերականգնման աշխատանքների նկատմամբ:
«Համայնքների հարգելի ղեկավարներ, մեր համայնքային այցելությունները կրելու են շարունակական բնույթ, բոլոր այցելությունների, արտագնա քննարկումների, քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ պետք է կրկին անդրադառնանք այս խնդիրներին և դրանց կանխմանը։ Համատեղ աշխատանքով կհասնենք ցանկալի արդյունքների, ցանկացած խնդիր կլուծվի, եթե կա համակարգային մոտեցում, պատասխանատու կառույցների համագործակցություն։ Տարին մոտենում է ավարտին, բոլորս պետք է աշխատենք արդյունքները բավարար ամփոփելու համար, խոսքս սեփական եկամուտների հավաքագրմանն էլ է վերաբերում»,- նշել է մարզպետը՝ կարևորելով բոլոր ոլորտներում պատշաճ հսկողությունն ու թերացումների բացառումը։
Խորհրդակցության ավարտին մարզպետը նոր հանձնարարականներ է տվել։