Նորություններ
Շիրակի մարզպետը ներկայացրել է Կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետին
04.12.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին և վարչատնտեսական մասի համակարգողներին է ներկայացրել Կրթության, մշակույթի և սպորտի վարչության նորանշանակ պետ Գնունի Աղաբեկյանին։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել Գնունի Աղաբեկյանին պաշտոնում նշանակվելու առիթով և հաջող աշխատանքային ուղի մաղթել կրթության ոլորտի բարդ ու պատասխանատու աշխատանքում․ «Կրթությունը մեր պետության հենասյունն է, հիմքն է, կրթության վրա պետք է կառուցել մեր ապագան։ Կրթության կազմակերպիչներից կախված է մյուս բնագավառների աշխատանքը, մեր Կառավարությունն այսօր անում է հնարավորը որակյալ ու հասանելի կրթություն տալու, համակարգը զարգացնելու համար։ Մեզ բոլորիս մնում է միասնական աշխատել ու քայլել առաջ։ Պարոն Աղաբեկյանին մաղթում եմ բարի ընթացք այս ճանապարհին, վստահ եմ, որ նա մարդկային որակներով, գիտելիքներով և հմտություններով կկարողանա ձեզ հետ համատեղ ներկայանալի աշխատանք կազմակերպել, որ առաջիկա հանդիպումների ժամանակ կարողանանք խոսել ձեռքբերումների մասին։ Համատեղ և համագործակցված աշխատանքի շնորհիվ արդյունքներն ակնառու կլինեն»։
Գնունի Աղաբեկյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին վստահության համար, հավաստիացրել, որ ամեն ինչ անելու է ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ կրթությունը պետության զարգացման հիմքն է։