Նորություններ
Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառում
26.12.2024
Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում համալսարանում այսօր տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառում։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և հոբելյանի առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնելով համալսարանի մի շարք աշխատակիցների։
«Սիրելի ներկաներ, չեմ ուզում պաշտոնական խոսք ասել, քանի որ այստեղ ես ինձ տանն եմ համարում։ ՀՀ-ում կրթությունը նորաոճ է, կրթված մարդու ապագան՝ կանխատեսելի։ Լավագույնին հասնելու միակ ճանապարհն արդար, ազնիվ աշխատանքն է, այդ աշխատանքն ունենալու համար անհրաժեշտ է լավ, որակյալ կրթություն ստանալ։ Եվս մեկ անգամ շնորհավորելով իմ հարազատ բուհին 90-ամյակի առթիվ, շնորհակալություն եմ հայտնում ողջ դասախոսական անձնակազմին իմ կրթության և գիտելիքների համար, որոնք ստացել եմ այստեղ։ Վստահ կարող եմ ասել, որ ստացած գիտելիքները ծառայելու են մեր մարզին, քաղաքին, Հայաստանի Հանրապետությանը»։
Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Էմմա Պալյանը, համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույններն ու պարգևներն է փոխանցել Էմմա Պալյանը, պատվոգրեր ու հուշամեդալներ են հանձնվել նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից։ Համալսարանի մի շարք դասախոսների պատվոգրերով և անվանական հուշանվերներով է պարգևատրել բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։