Նորություններ
Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
30.12.2024
«Մեզ համար անհրաժեշտ է, որ բնակչի կյանքի որակը փոխվի, բնակիչը դրական տեղաշարժ տեսնի կյանքում և դրա համար պետք է աշխատենք բոլորս։ Ինձ այնքան չեն հետաքրքրում փաստաթղթային ձևակերպումները, որքան իրականությունը ցանկացած աշխատանքում, թե չէ երբեմն նայում ենք բոլոր թղթերը նորմալ են, բայց իրականում շատ անճշտություններ ու թերություններ կան»։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես են եկել ոլորտային պատասխանատուները:
Ամփոփելով տարին՝ ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշել է, որ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 96.5 տոկոսով։ Սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Անի համայնքը՝ 113.7 տոկոս, 100 տոկոսի սահմանն անցել է նաև Արթիկ համայնքը՝ 104․3 տոկոս։ Ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 112․2 տոկոս, հողի և գույքի վարձակալությունը կատարվել է 99․1 տոկոսով։
«Մենք համայնքի յուրաքանչյուր բնակչին պետք է ցույց տանք, որ վճարած յուրաքանչյուր լումա ծախսվել է իր և սեփական համայնքի վրա, այդ թվում բակեր են բարեկարգվել, կառուցվել ու նորոգվել՝ մանկապարտեզներ, դպրոցներ և այլն։ Հենց կարողանանք բնակչին այդ ամենը ցույց տալ՝ վստահ եղեք, որ հարկերի հավաքագրման խնդիր չենք ունենա։ Ինչպես նշում է Վարչապետը՝ վճարված տուրքը, հարկը մի գրպանից հանել մյուս գրպանը դնել է։ Մեր՝ պետական մարմինների, խնդիրն այն է, որ քաղաքացին դա տեսնի և զգա փոփոխությունը, հենց այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն»,- նշել է Շիրակի մարզպետը՝ հորդորելով համայնքների ղեկավարներին շարունակել տքնաջան աշխատանքն այս առումով։
Մարզի համայնքներին պետական բյուջեից 2024 թվականի ընթացքում «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով Կառավարության 13 որոշումներով հատկացվել է 3 մլրդ 958 մլն 645 հազար դրամ։
Անցած տարում «Մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար» 4 ծրագրերին հատկացվել է 350 մլն 790 հազար դրամ։
2024-ին մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերի և 2025 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ըստ այդմ, 2024-ին հաստատվել է 32 սուբվենցիոն ծրագիր՝ 141 ենթածրագրով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 7 մլրդ 814 մլն 933 հազար դրամ, գումարի 53 տոկոսը Կառավարության համամասնությունն է՝ 4 մլրդ 139 մլն 513 հազար դրամ։
Շիրակի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում կոչ է արել բոլոր պատկան կառույցներին լինել առավել զգոն՝ նշելով, որ առկա թերացումներն ու ձգձգումները մտահոգության տեղիք են տալիս․ «Հիմքից կառուցված մանկապարտեզները մինչև այսօր չեն շահագործվում, երեխաներն անցնում են այդ մանկապարտեզների կողքով և երազանք է թվում այնտեղ հայտնվելը, քանի որ գույքն ինչ-ինչ պատճառներով առկա չէ։ Բնակչին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ բյուրոկրատական քաշքշուքների պատճառով գույքը տեղում չէ։ Մանավանդ այն դեպքում, երբ Կառավարությունը և համայնքը գումարը տրամադրում են։ Պետք է հետևողական լինել և անել հնարավոր ամեն ինչ, որ օր առաջ խնդիրը լուծվի։ Մեկ երկու տարվա ընթացքում մինչև մանկապարտեզը կառուցվում է արդեն այդ համայնքի կամ բնակավայրի երեխան դպրոցական է դառնում։ Խնդրում եմ այդ մասով խիստ հետևողական լինել, այն ամենն ինչ կախված է Կառավարությունից, Շիրակի մարզպետի աշխատակազմից, իրավասությունների սահմաններում, 24 ժամ պատրաստ ենք աջակցելու։ Համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թվերը շատ խոսուն են, բայց ինձ համար առաջնային կարևորություն ունեն դրանց որակն ու ժամկետները։ Որպես այդպիսին խնայողություն ասվածը կարելի է չանել, միայն աշխատանքներն իրականացվեն որակով»։
Նշենք, որ 2024-ին իրականացվել են բնակավայրերի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում ընդհանուր 15.8 կմ՝ 119,299 քմ մակերեսով, բնակավայրերի փողոցների կառուցում/նորոգում, սալարկմամբ, խճապատմամբ ընդհանուր 4.67 կմ՝ 21,499 քմ մակերեսով, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում/նորոգում ընդհանուր 6.8 կմ՝ 3013 շահառուի համար, ոռոգման համակարգերի կառուցում/նորոգում ընդհանուր 12.68 կմ՝ 1514 տնային տնտեսության համար, բնակավայրերի գազաֆիկացում՝ 42.5 կմ, նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում, ինչպես նաև համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում՝ 1730 երեխայի համար, հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում՝ 1114 քմ, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում՝ էներգախնայող միջոցառումների կիրառում 700 շահառուի համար՝ 16389 քմ մակերեսով, ինչպես նաև մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում՝ 11 տեխնիկա, 300 գույք։
Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը ներկայացրել է 2024-ին մարզում իրականացված կապիտալ շինարարության ծրագրերը: Նշվել է, որ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 2024-ին շարունակվել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները, սխալ նախագծման արդյունքում 3-րդ մասնաշենքի ծածկի քանդման անհրաժեշտություն է առաջացել, պետության կրած վնասը կփոխհատուցի նախագծող կազմակերպությունը: Ընթացքի մեջ են Արեգնադեմի, Բերդաշենի դպրոցների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ էլ՝ 2 դպրոցների և 3 մանկապարտեզների (ծրագրի արժեքը 853 միլիոն 890 հազար դրամ) շենքերի կառուցման աշխատանքները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվում են 8 ճանապարհաշինական ծրագրեր, որոնցից 6-ը՝ 49.9 կմ երկարությամբ, շուրջ 5 մլրդ դրամ գումարի շրջանակներում, 2-ը՝ 15.9 կմ երկարությամբ, շուրջ 2.3 մլրդ դրամ գումարի շրջանակներում։
Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցերի և իրականացված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը։
Ըստ այդմ, մարզի 3 համայնքներում իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն, աշխատանքային խմբերի կողմից արձանագրված թերություններն ամբողջությամբ ընդունվել են համայնքերի կողմից և առարկություններ չեն ներկայացվել։ Արձանագրված խախտումների կամ թերությունների զգալի մասը սահմանված ժամկետներում արդեն իսկ վերացված են, իսկ առանձին թերությունների վերացման համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը ներկայացրել է գյուղատնտեսական տարվա և իրականացված ծրագրերի ամփոփումը։
2025 թվականի բերքի տակ կատարվել է 9808 հա աշնանացան ցորենի ցանք։ 2024-ին աշնանացանի ցանքատարածությունները նվազել են։
«Շիրակն ավանդական գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, մենք պետք է անենք հնարավորը բնագավառում առկա խնդիրների լուծման համար, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կառավարությունն այժմ բազմաթիվ աջակցության ծրագրեր է իրականացնում»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
2024 թվականին անցկացված զորակոչերի արդյունքների և վարժական հավաքների նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանը։
Ընդգծվել է, որ 2024 թվականին ՀՀ-ում անցկացված վարժական հավաքների շրջանակում հայտարարված զորակոչերին մարզին ներկայացված պահանջարկը կատարվել է 98.7 տոկոսով, որը առաջինն է բոլոր մարզերի մեջ։
Հանդիպման ավարտին մարզպետը բարօրություն, ստեղծագործ աշխատանք, հաջողություններ և խաղաղություն է մաղթել բոլորին՝ նշելով, որ 2025-ին նոր ձեռքբերումների է սպասում համատեղ ու գործակցված աշխատանքի արդյունքում։