Նորություններ
Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ
21.01.2025
Մեր բոլորի աշխատանքի նպատակը բնակիչների դժգոհությունը վերացնելը պետք է լինի, քանի դեռ քաղաքացիները դժգոհ են՝ մենք անելիքներ ունենք․ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզում գործող հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ:
«Որպես մարզպետ նշանակման օրվանից ասել եմ, որ առողջապահությունն այն բնագավառն է, որն ինձ համար առաջնային է, քանի որ այստեղ խոսքը մարդկային առողջության, մարդու կյանքի մասին է։ Առողջությանը վերաբերող բարեփոխումներն ու առողջապահական համակարգի հիմնախնդիրները մշտապես լինելու են ուշադրությանս ներքո, ձեզ միշտ ձեռք եմ մեկնելու խնդիրների լուծման հարցում, սակայն թերացումներն էլ պետք է բացառվի։ Առողջապահության բնագավառում սպասարկումը լիարժեք չէ և այն մեր ուզածով դարձնելու համար պետք է մեկտեղվի բոլոր օղակների աշխատանքը, ոլորտի յուրաքանչյուր աշխատակից պետք է այստեղ հստակ գիտակցի իր անելիքը»,- նշել է Շիրակի մարզպետն՝ ընդգծելով, որ ձեռք մեկնել և համատեղ աշխատել ասվածը տնօրեններն ու առողջապահության բնագավառի աշխատակիցները պետք է ընդունեն հոգացավ վերաբերմունքն ու գործունեության արդյունավետության բարձրացումը։
Ըստ Դավիթ Առուշանյանի, անելիքներ շատ կան թե առողջության պահպանման առաջնային օղակում, թե հիվանդանոցներում։ Մարզպետը կարևորել է հիվանդների նկատմամբ հոգատարությունը, օպերատիվ բուժօգնության տրամադրումը։ Անդրադարձ է կատարվել նաև բուժհաստատությունների մասնագետներով ապահովվածությանն ու հաստիքացուցակներին, մարզպետը կարևոր է համարել նաև միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացումը։
«Ձեր ամեն քայլի մեջ պետք է հստակ դիտարկեք բնակչության լավագույն սպասարկումը, մարդկային առողջության կարևորությունն ու ձեր ղեկավարած կառույցի անխնդիր աշխատանքը, իսկ դա նշանակում է պետք է բացառել ավելորդ հաստիքներն ու ինքնանպատակ նշանակումները։ Անչափ գնահատում եմ շատերիդ երկարամյա վաստակը, այն ներդրումն ու աշխատանքը, որ արել եք տարիներ շարունակ, միաժամանակ հորդորում եմ աշխատել մարդկային առողջությանը որպես կարևորագույն ռեսուրս դիտարկելով։ Կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ոլորտում բարեփոխումներն օր առաջ կյանքի կոչելու համար, մենք դրանք միասին տեղայնացնելու խնդիր ունենք»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև առաջիկա ծրագրերին և բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացմանը, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր։