Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»
22.01.2025
Ձևավորված կարծրատիպերը պետք է փոփոխվեն, բարեփոխումներն ու նախաձեռնողականությունը պետք է միտված լինի բնակչության լավագույն շահի ապահովմանը»,- Շիրակի մարզպետ
Դավիթ Առուշանյանն այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Գյումրի բժշկական կենտրոն»։ Մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել կենտրոնի բուժանձնակազմի հետ՝ նշելով, որ կողմ է անմիջական շփումներին և մոտեցումներն ազնիվ ներկայացնելուն, քանզի հավատացած է, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, եթե կա համակողմանի վերլուծություն, անելիքների հստակություն և կամք։
«Հարգելի բուժաշխատողներ, դուք ձեր ուսերին շատ մեծ պատասխանատվություն եք կրում, որն անչափ կարևոր է ազգաբնակչության առողջության պահպանման համար, միևնույն ժամանակ գիտենք, որ քաղաքացիների կողմից օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություններ կան, խնդիրներ կան բժշկական հաստատությունների հետ կապված, այդ թվում նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվածության, աշխատավարձերի բարձրացման և այլ հարցեր։ Չնայած նրան, որ բժշկական կենտրոնը մեծ թվով հիվանդների է սպասարկում, պետք է հաշվի առնել մի փաստ ևս, որ հիվանդն ունի նաև հոգեբանական աջակցության կարիք, ուստի դրան ևս պետք է ուշադրություն դարձվի, լիարժեք և արդյունավետ բուժում ստանալուց զատ, բարեհամբույր վերաբերմունք ստանա բժշկից և սպասարկող անձնակազմից։ Այցերը բուժհաստատություն շարունակական են լինելու, որ առավել պարզ լինեն խնդիրները, որպեսզի հասկանանք, թե դժգոհությունները որտեղից են գալիս և համատեղ աշխատանքի արդյունքում դրանք լուծում ստանան,- նշել է Շիրակի մարզպետը։
Դավիթ Առուշանյանը ներկայացրել է այն մտահոգությունները, որոնց լուծման հարցում, ըստ մարզպետի, պետք է քայլեր ձեռնարկել, ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիների վերաբերմունքը փոխվի և հնարավոր լինի ընկալումներում ևս քայլ-քայլ փոփոխության գնալ։ Անդրադարձ է կատարվել հաստատության մասնագիտական համակազմի համալրվածությանը, հաստաիքացուցակների խնդիրներին։
«Առանց լուրջ հիմնավորումների ոչ մի հաստիք չպետք է բացվի բուժհաստատությունում և ոչ միայն այստեղ, այլև բոլոր տեղերում։ Նոր հաստիքներ բացվելու են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի բնակիչը ոտք դնելով բժշկական կենտրոն փոփոխություն զգա։ Ձևավորված այն կարծրատիպը, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում լիարժեք բուժսպասարկում ստանալու համար պետք է հասնել մայրաքաղաք, այսուհետ պետք է վերացվի, քանի որ «Գյումրի բժշկական կենտրոնը» բուժանձնակազմով և հագեցվածությամբ ոչինչով չի զիջում մայրաքաղաքային կենտրոններին, կարող է որակյալ և արդյունավետ բուժսպասարկում կազմակերպել և իրականացնել ոչ միայն մարզի, այլև տարածաշրջանի ազգաբնակչության համար։ Վստահ եմ՝ այդ ամենը կարող է դառանալ իրականություն միայն համատեղ և համագործակցված աշխատանքի արդյունում»։
Մարզպետն ընդգծել է, որ հաստիքացուցակներում աննպատակ հաստիքների կրճատում ասելով ամենևին նկատի չունի, որ պետք է ենթադրել ինքնանպատակ կրճատումներ կամ որևէ մեկին խնդիր ստեղծել, հակառակ՝ յուրաքանչյուր քայլ միտված է բուժծառայությունների որակի ու բժշկական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը։
☑Հանդիպման ընթացքում մարզպետը պատասխանել է բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին, որից հետո «Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին, եղել պաթոլոգոանատոմիական բաժանմունքում։
Մարզպետը հետևել է նաև բժշկական կենտրոնում իրականացվող ներքին և արտաքին հարդարման աշխատանքներին, այդ նպատակին Կառավարությունը դեռ նախորդ տարի հատկացրել էր 163 մլն դրամ։ Շինարարի հետ զրույցում Դավիթ Առուշանյանը խիստ դժգոհություն է հայտնել կատարված աշխատանքների որակից ու տեմպերից՝ նշելով, որ նման որակի աշխատանքները ոչ ընդունվելու են, ոչ ֆինանսավորվելու՝ հորդորելով ամենասեղմ ժամկետներում իրականացնել շտկումները, այլապես օրենքով սահմանված կարգով պատժամիջոցներ են կիրառվելու թե շինարարի, թե տեխնիկական վերահսկողություն իրականացնողի նկատմամբ։