Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին
22.01.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ հյուրընկալել է «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի պատասխանատուներին՝ ղեկավար Օլգա Վայգելի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ծրագրի թիրախային մարզ համարվող Շիրակում առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։
Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին, կարևորել Շիրակի մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը միտված է բնակավայրերի կենսապայմանների լավարկմանը․ «Ես պատրաստ եմ ցանկացած համագործակցության, որը միտված է մարզի զարգացմանը, գնահատելի է ձեր գործունեությունը, մինչ այժմ բավական լուրջ աշխատանքներ եք իրականացրել և նոր ծրագրեր ևս նախաձեռնել։ Մեզ համար առավել քան կարևոր է համայնքների, բնակավայրերի և տնային տնտեսությունների էներգաարդյունավետության բարձրացումը, կայուն էներգիայի հնարավորությունների հասանելիության ապահովումը, որը նախադրյալ կդառնա համայնքային զարգացման և գյուղական բնակչության բարեկեցության և էներգետիկ անվտանգության համար»։
Ծրագրի ղեկավար Օլգա Վայգելը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար, որից հետո ներկայացրել է Շիրակի մարզի ծրագրի մարզային համակարգող Արմեն Մարտիրոսյանին և անդրադարձել նաև մեկ այլ` 2023֊ից մեկնարկած և 2025֊ի մարտին ավարտվող «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող ծրագրին։
12,3 մլն եվրո արժողությամբ ծրագիրը իրականացվում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առավելապես էներգիայի տեսանկյունից խնդրային համայնքներում։
Նշենք, որ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում տրամադրվել է 131 էա վառարան, որից 81-ն անվճար, 50-ը՝ համաֆինանսավորմամբ։ Շիրակի մարզում մոտ 24 համայնքապատկան շինությունների վրա իրականացվում են էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի միջոցառումներ։
Նոր ծրագրի արդյունավետ իրականացման և համագործակցությունն ամրապնդելու նպատակով` պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու և քննարկելու հստակ անելիքները։