Նորություններ
Շիրակի մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու համար դիմած դիմումատուների հետ անցկացվել է հարցազրույցի փուլը
29.01.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետի խորհրդականների թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով ներկայացված և արդեն հաստատված դիմումները ներկայացրած քաղաքացիների հետ այսօր անցկացվել է հարցազրույցի փուլը։
Մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ լսել է բոլոր թեկնածուներին, քննարկել աշխատանքին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր՝ վստահեցնելով, որ այն բոլոր դիմումատուները, որոնք աշխատանքի չեն անցնելու այժմ, միևնույնն է նրանց մասնագիտական կրթությունը, գիտելիքն ու փորձը հաշվի առնելով՝ կներառվեն աշխատակազմի կադրերի բանկում և հնարավորության դեպքում նրանց ևս որոշակի աշխատանքային առաջարկներ կլինեն։
«Ձեզանից երկուսն են աշխատանքի անցնելու մարզպետի աշխատակազմում, բայց մեզ համար կարևոր է մասնագիտական կարողություններ, գիտելիքներ ու փորձ ունեցող մարդկանց պետական կառավարման աշխատանքներում ներգրավելը։ Ձեր տվյալներն արդեն մեզ մոտ կան և անհրաժեշտության և հնարավորության դեպքում մենք ձեզ հետ կկապվենք»,- թեկնածուների հետ զրույցում նշել է մարզպետը՝ ընդգծելով, որ աշխատանքում կարևորում է պարտաճանաչությունը, ազնվությունն ու սկզբունքայնությունը։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, 36 քաղաքացի էր դիմում ներկայացրել մարզպետի խորհրդականների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով, նրանցից 15-ը իրավաբանական, 13-ը ֆինանսական և 8-ը այլ կրթություն ունեցող մարդիկ, 15 դիմումատուի փաստաթղթային փաթեթն էր համապատասխանել ներկայացված պահանջներին։
Կարևորելով գործընթացի թափանցիկությունն ու դիմումատուների արհեստավարժության ու մասնագիտական հմտությունների օբյեկտիվ գնահատումը՝ նրանց հետ անցկացվել է նաև հարցազրույց։ Առաջիկա օրերին կլինեն նշանակումները։