Նորություններ
Լավագույն մարզիկների 2024 թվականի ցուցակում Հայաստանում շիրակցիներն առաջատար են
31.01.2025
Հանրապետության նախագահի նստավայրում նախօրեին կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:
«Լավագույն երեք մարզիկ» անվանակարգում հաղթող ճանաչվածների թվում են գյումրեցիներ, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և ծանրորդ Վարազդատ Լալայանը:
«Լավագույն կին մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը:
«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ»-ը պարածանրամարտիկ Գրետա Վարդանյանն է:
«Լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրորդ Էմմա Պողոսյանը, որը Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է:
2024 թվականի աշխարհի չեմպիոն, Փարիզի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Վարազդատ Լալայանն առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: