Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
08.02.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմում այօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են «Գյումրու բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքի նոր մասնաշենքի և «Արթիկի բժշկական կենտրոնի» շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Բաբայանը, «Գյումրի բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը, շինարարություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Շիրակի մարզում իրականացվող ցանկացած շինարարություն պետք է լինի որակով և առանց թերացումների, այս առումով ամենախիստ հսկողությունն է սահմանվելու»,- նշել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով պատկան կառույցների հաստատակամությունն ու համագործակցությունը։
Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը ևս կարևորել է թերացումների բացառումն ու շինարարների հետ զրույցում նշել, որ նախարարությունն անելու է հնարավորը խնդիրների դեպքում շինարարներին աջակցելու, միևնույն ժամանակ պատասխանատու աշխատանք պահանջելու առումով։
Գյումրու ծննդատան շինարարության մասով նշվել է, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով մեկնարկած շինաշխատանքները կշարունակվեն պետական միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 499 մլն 750 հազար դրամ է, 2024-ին իրականացվել է 124 մլն 750 հազար դրամի աշխատանք։
Իսկ Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականին՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի արժեքը 2 մլրդ 938 մլն 998 հազար դրամ է: 2024-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է եղել 442 մլն 773 հազար դրամ գումար։
Անդրադարձ է կատարվել նաև Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաների շենքերի կառուցման խնդրին։ Նշենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ նախատեսվում է իրականացնել Արթիկ համայնքի Պեմզաշեն և Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի ամբուլատորիաների շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ: 2025թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է յուրաքանչյուրի մասով 172 մլն դրամ գումար: Ավարտին են հասցվել հողահատկացումների գործընթացները: Նախագծանախահաշվային փաստաթղթերը գտնվում են փորձաքննության փուլում: