Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել
10.02.2025
«Լինել հաշվետվողական, պարտաճանաչ, բաց ու թափանցիկ աշխատանքում, մեր յուրաքանչյուր քայլն ու որոշումը Շիրակի մարզի, շիրակցու հոգսերի թեթևացմանը պետք է միտված լինի»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
Կարևորելով տեսանելի և թափանցիկ աշխատելաոճը, ինչպես նաև ցանկացած բնագավառում աշխատանքներն առանց թերացումների իրականացնելը՝ Շիրակի մարզպետը ոլորտային պատասխանատուներին հորդորել է լինել զգոն, առավել պատասխանատու և անել հնարավորը թերություններից խուսափելու համար․ «Յուրաքանչյուր քայլ, պետական օժանդակության ցանկացած ծրագիր, սուբվենցիոն ու կապիտալ շինարարություն, կրթական ու առողջապահական գործընթացներ մեկնարկից մինչև ավարտ պետք է հոգացավորեն իրականցվեն, վերահսկողությունը պետք է մանրադիտակով լինի։ Վերահսկողության նպատակը պետական միջոցները նպատակային ծախսելն ու ամենաթողությունը բացառելն է, ցանկացած պրոցեսում օրենքով սահմանված քայլերին չի կարող այլընտրանք լինել: Կարևոր է նաև յուրաքանչյուր բնագավառում կատարված աշխատանքների մասով պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող և իրականացվելիք աշխատանքների, կապիտալ շինարարության, կրթական գործընթացներին, առողջապահական հաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր։
Քննարկման ավարտին մարզպետն աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին նոր հանձնարարականներ է տվել։