Նորություններ
Հանդիպում Շիրակի մարզի դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների հետ
12.02.2025
Հակված եմ բարձրաձայնել ցանկացած խնդիր, քանզի խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլն այն բարձրաձայնելն է, կրթական միջավայրն ինձ համար նոր չէ, աշխատանքի անցնելու առաջին օրվանից ասել եմ՝ դպրոցն այն տեղն է, որտեղ միայն կրթական գործընթաց պետք է իրականացվի»,- Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Շիրակի մարզի դպրոցների տնօրեններին և վարչատնտեսական համակարգողներին։
Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում ընդգծել է, որ կրթության բնագավառի դերն ու դերակատարությունը շատ կարևոր է համարում՝ նշելով, որ կրթական միջավայրն իր համար հարազատ է, մանկավարժի ընտանիքում է մեծացել և հավատացած է, որ կրթությունն այն կարևոր օղակն է, որտեղ աշխատանքը թերացումով երբեք չպետք է լինի, վերազանցություններն ու չարաշահումներն անընդունելի են մնալու։
«Ես պատրաստ եմ իրավասությունների շրջանակում ձեր կողքին լինել, երաշխիք լինել յուրաքանչյուր հարցում, որը միտված կլինի կրթուրթյան որակի բարձրացմանը։ Ինձ համար դպրոցն այն հաստատությունն է, որը զբաղվելու է միմիայն իր վրա դրված լիազորություններով։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ դպրոցն աշխատանքի տեղավորման գրասենյակ չէ։ Դպրոցների տնօրեններին տրված են բոլոր հնարավորությունները և պետք է գործեն միայն օրենքի և իրենց լիազորությունների սահմաններում և ես, որպես գործատու, դրա երաշխավորն եմ լինելու։ Արտաքին ազդեցություններ, լիազորությունների չարաշահումներ, վերազանցումներ որևէ տեղ թույլ չեն տրվելու։ Սերունդներ կրթելն այն բացառիկ հնարավությունն է, որից կախված է մեր բոլորի ապագան, պետք է գիտակցեք, որ այսօր մեր կողմից թույլ տրված սխալների, թերացումների արդյունքում տարիներ անց պատասխան են տալու մեր երեխաները»,- նշել է մարզպետը։
Դավիթ Առուշանյանն անդրադարձել է դպրոցներում ներանձնային հարաբերություններին ու դրանց բացասական ազդեցությանը՝ կարևորելով կրթական գործընթացների վրա ազդեցությունների բացառումը․ «Բարեփոխումների ճանապարհը միասին ենք անցնելու։ Կարևոր եմ համարում նաև վարչատնտեսական մասի համակորգողների մասին օրենքի ընդունումը, կողմ եմ եղել դեռևս պատգամավոր եղած ժամանակվանից և շատ կարևոր եմ համարում, քանի որ տնօրենը պետք է զբաղվի կրթական գործընթացներով, իսկ վարչատնտեսական մասի համակարգողն այլ գործառույթներ ունի իրականացնելու։ Ցավոք կան դպրոցներ, որոտեղ իրականությունն այլ է։ Ես չեմ թույլատրելու որևէ դպրոցում որևէ գործընթաց, որը խաթարելու է կրթական պրոցեսի լիարժեք իրականացումը»։
Շիրակի մարզպետն առանձնակի կարևորել է մանկավարժի դերի բարձրացումը, նրանց վաստակը գնահատելը, դպրոցների տնօրենների աշխատանքի ճիշտ կառուցումը․ «Դրսից որևէ ազդեցություն դպրոցների վրա միանշանակ թույլ չեմ տալու, դա ինձ համար խիստ կարևոր է։ Ավելորդ հաստիքներ որևէ կառույցից ու անձից որևէ ձևով դուք չեք ստանալու։ Հաստիք բացել, մարդկանց տեղավորել աշխատանքի և նմանատիպ խնդիրներ չպետք է ունենաք, որովհետև դրանք ազդում են կրթության որակի վրա։ Դուք ձեր լիազորությունների և օրենքի շրջանակում գործեք և ես ու մարզպետի աշխատակազմը լիարժեք ձեր թիկունքին ենք լինելու։ Այստեղ ուզում եմ նաև հաստիքացուցակներին անդրադառնալ, երբ ես ասում եմ, որ լիարժեք ազատություն եմ տալիս դպրոցների տնօրեններին գործելու լիազորությունների և օրենքի սահմաններում, միևնույն ժամանակ հետևողական եմ լինելու այն հանգամանքին, որ դպրոցներում խախտումներ չլինեն։ Դպրոցներում չեն լինելու մարդիկ, որոնք ուղղակի աշխատավարձ են ստանալու։ Մտածելով, որ հեռավոր մի գյուղում, որ մարզկենտրոնից հեռու է, մարզպետի աչքից հեռու է և կարող է տնօրենն, ասենք որպես օպերատոր գրանցի մորաքրոջ աղջկան և նա աշխատանքի չգնա՝ սա ամենաանընդունլի քայլն է ու օրենքով պատասխանատվության ենթակա է, չմտածեք շատ մեծ է մարզն ու չենք իմանալու, ամեն ինչ հասանելի է և պարզվում է, մի թույլ տվեք, որ համապատասխան կառույցներին գործը հասնի»։
Մարզպետն անդրադարձել է ոլորտում առկա հիմնահարցերին՝ հանձնարարելով պատասխանատուներին գույքագրել դպրոցներում առկա խնդիրները․ «Ես երբեք չեմ սիրել ավելորդ խոստումներ տալ, չեմ ընդունել ոչ ազնիվ մոտեցումները, հիմա էլ ազնվորեն նշում եմ, որ խնդիրների գույքագրումը չի նշանակում մեկ օրում դրանց լուծում տալ, բայց վստահեցնում եմ, որ քայլ-քայլ գնալու ենք դրանց լուծման ճանապարհով, քանզի Կառավարությունը կրթության նկատմամբ առանձնակի հոգածություն ունի, կա պետական աջակցություն ու հոգացավություն»։