Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»

14.02.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց»։
571 աշակերտ ունեցող դպրոցը շինարարական աշխատանքների պատճառով ժամանակավորապես տեղակայվել է «Հյուսիսային համալսարանի» Աթիկի մասնաճյուղի նախկին շենքում։ Շենքային պայմաններն այստեղ անբավարար են, ինչից դժգոհել են ուսուցչական կազմն ու աշակերտների ծնողները՝ մարզպետի հետ հանդիպման ժամանակ։
«Արդարացի է ձեր անհանգստությունն ու մտահոգությունը, դպրոցը գործունեությունը ծավալում է վատ պայմաններում, այս խնդիրն օրակարգային է ոչ միայն մեզ համար, այլև Կառավարության, հիմա ինձ համար առաջնայինն այն է, որ մինչ շինաշխատանքների ավարտը կարողանանք միջանկյալ լուծման տարբերակ գտնել և մեր աշակերտների համար ուսման գործընթացն առավել բարեկեցիկ պայմաններում կազմակերպենք»,- նշել է մարզպետը ծնողների հետ զրույցի ժամանակ՝ կիսվելով դպրոցում կատարած շրջայցից ստացած տպավորություններով։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ պետական մոտեցումը՝ անել հնարավորը դպրոցական պայմանների փոփոխության, երկրում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, չի փոխվել։ Ինչ վերաբերում է «Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի» շինարարությանը՝ անպարտաճանաչ կապալառուի պատճառով ձգձգվող գործընթացը հունի մեջ դնելու, շինաշխատանքները նոր թափով վերսկսելու համար քննարկվում են օրենքով կարգավորվող բոլոր հնարավոր տարբերակները, պատասխանատու կառույցներն անում են հնարավորը խնդրի շուտափույթ լուծման համար։
«Վստահեցնում եմ, որ խնդրի լուծմանը լծված են բոլոր պատասխանատու մարմիններն ու մասնագետները, մեզ համար անընդունելի է, որ Կառավարությունը գումարներ հատկացնելու խնդիր չունի, ֆինանսավորման ձգձգումներ չկան, սակայն ոչ բարեխիղճ շինարարի պատճառով այժմ մենք քննարկում ենք առաջացած հիմնահարցերը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը՝ հանձնարարելով ձևավորել աշխատանքային խումբ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներից, որը կգտնի դպրոցի գործուենությունն առավել հարմարավետ պայմաններում կազմակերպելու հնարավոր տարբերակներ։
Այնուհետև Շիրակի մարզպետն ու Արթիկի համայնքապետը հանդիպել են Արթիկ համայնքի մի շարք բնակիչների հետ, որոնք դժգոհել են Բաղրամյան փողոցի՝ գծանշումներով պայմանավորված մեքենաների կայանման խնդրից։ Մարզպետը զրուցել է պարեկային ծառայության պատասխանատուների և բնակիչների հետ, լսել երկուստեք ներկայացվող տեսակետներն ու ընդգծել, որ հարցի լուծումը պետք է դիտարկել օրենքը չխախտելու, խցանումներ չառաջացնելու և փողոցի ծանրաբեռնվածությունը չավելացնելու տեսանկյունից։
Այնուհետև Արթիկի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և 2025-ի համար նախատեսված ծրագրերից։ Մարզպետը վստահեցրել է, որ լիազորությունների շրջանակում կաջակցի բոլոր նախաձեռնություններն իրականացնելու հարցում՝ հորդորելով լինել զգոն, չհանդուրժել թերացումներ ու անհարկի ձգձգումներ ոչ մի աշխատանքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:49:42