Նորություններ
Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը
25.02.2025
Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ նախարարն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններ։
Առաջին կանգառը «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում» է եղել։ Պատասխանատուները շրջել են հաստատությունում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին, անդրադարձել առկա թերացումներին և ընդգծել դրանց սեղմ ժամկետներում ավարտելու կարևորությունը, որից հետո հանդիպում է եղել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, նախարարը հետաքրքրվել է վերջիններիս հետաքրքրող հարցերով ու խնդիրներով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող ավագ սերնդի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։
Նարեկ Մկրտչյանը, Արտուշ Հովհաննիսյանն ու Սարիկ Մինասյանն այնուհետև եղել են Գյումրու «Երեխաների տանը», շրջել հաստատությունում, տարբեր բաժանմունքներում, տեսակցել այստեղ ապրող երեխաներին, զրուցել մասնագետների հետ, կարևորել երեխաների համար որակյալ պայմանների ապահովումն ու ծառայությունների նորմալ մատուցումը: «Երեխաների տանը» շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ են ստանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 0-18 տարեկան երեխաներ:
Այցելություն է եղել նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»։ Այստեղ ևս պատասխանատուները կարևորել են կենտրոնում ապրող երեխաների համար որակյալ ծառայությունների մատուցումն ու լավագույն շահի պաշտպանությունը։ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը» վերանորոգվել և կահավորվել է 2024 թվականին՝ ԱՍՀ նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Կենտրոնում 2021 թվականից սոցիալական աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները։