Նորություններ
Աշխատանքային շաբաթն ավարտվել է հերթական խորհրդակցությամբ
28.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային շաբաթն ավարտել է հերթական խորհրդակցությամբ, որին մասնակցել են աշխատակազմի պատասխանատուները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրներն ու անելիքները, մասնավորապես, նախորդ խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մարզի 20 մանկապարտեզների գույքով ապահովելու նպատակով տրված գումարի շրջանակներում անցկացված գնումների գործընթացին։
Մարզպետին է զեկուցվել, որ բոլոր մանկապարտեզներում գույքի ձեռքբերման նպատակով իրականացված գնումների գործընթացն ավարտական՝ պայմանգրերի կնքման փուլում է։ Նշենք, որ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 145 մլն 739 հազար դրամ գումար։
«Մենք բազմիցս խոսել ենք այս խնդրի մասին, ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ գործընթացն անթերի պետք է կազմակերպվի։ Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, ոչ մի անհարկի հապաղում, ոչ մի խախտում և թերացում։ Այն մանկապարտեզներում, որտեղ շինարարությունն ավարտված է, չպետք է ուշացումով գործարկվեն գույքի մատակարարման անհարկի ձգձգումների պատճառով, գործընթացը պետք է լինի պատասխանատուների խիստ հսկողության տակ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է 2025 թվականին մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, համայնքների կողմից ներկայացվող ծրագրային փաթեթների ժամկետներին ու դրանց ամբողջական լինելուն։ Մարզպետին զեկուցվել է, որ 2025 թվականի համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 21 (86 ենթածրագրեր) սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ ընդհանուր 3մլդ 599 մլն 896 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 2 մլդ 157 մլն 829 հազար դրամ (60%)։ Շուրջ 6 ծրագիր՝ 36 ենթածրագրերով, սուբվենցիայի ամբողջական փաթեթներ գտնվում են լրամշակման փուլում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2 մլդ 45 մլն 306 հազար դրամ, Կառավարության մասնաբաժինն այս ծրագրերի մասով 54 տոկոս է կազմում՝ 1 մլդ 113 մլն 770 հազար դրամ։
Անդրադառնալով մարզի համայնքերի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և ծրագրային փաթեթներին՝ մարզպետը նշել է․ «Այն, որ մեր աշխատակազմը պետք է հետևողական լինի փաթեթների բովանդակային, ամողջական և լիարժեք լինելու առումով, այստեղ նաև լուրջ անելիքներ ունեն նաև համայնքները՝ աներկբա է։ Միաժամանակ բոլոր պատասխանատուներին ևս մեկ անգամ հորդորում եմ չմոռանալ նախանշածս կարմիր գծերի մասին՝ ուշադիր եղեք անցկացվող բոլոր մրցույթների ընթացքին ու գործընթացի օրինականության ապահովմանը, տարատեսակ անընդունելի մեխանիզմների ու մոտեցումների մասին չեմ ուզում խոսել, զգոն եղեք և պատասխանատու»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև դպրոցներում նորմալ ջեռուցման ապահովմանը։
«Մի շարք դժգոհություններ ունենք դպրոցներից ջերմաստիճանի հետ կապված, այս հարցում առավել անհանդուրժողական պետք է լինել, խստորեն պետք է հետևել ջեռուցման կազմակերպման աշխատանքներին, հորդորել դպրոցներին այս հարցում լինել հետևողական»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Քննարկման ավարտին մարզպետն աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին նոր հանձնարարականներ է տվել։