Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է Շիրակի մարզում գտնվող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներին
04.03.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանին և Վարդան Կոստանյանին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
Կարևորելով պետություն-համայնք համագործակցության արդյունք համարվող սուբվենցիոն ծրագրերի դերն ու նշանակությունը մարզում՝ Շիրակի մարզպետը նշել է․ «Մեզ համար կարևոր է, որ համագործակցված աշխատանքով կարողանանք հասնել իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թերացումների ու խախտումների վերացմանը, նոր իրականացվող աշխատանքներում խնդիրները բացառելուն, անենք հնարավորը տեմպերի ապահովման ու գումարների նպատակային ծախսի համար»։
Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը ևս անդրադարձել է շինարարության որակի ապահովմանն ու ծրագրված աշխատանքները ժամկետներում իրականացնելուն։
Շիրակի մարզպետը ՏԿԵ նախարարի տեղակալների հետ եղել է նաև Գյումրու համայնքապետարանում, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ քննարկվել են 2024-ին իրականացված և 2025-ին նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր։
Նշենք, որ 2025 թվականի համար Շիրակի մարզից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 21 (86 ենթածրագրեր) սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ ընդհանուր 3մլդ 599 մլն 896 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 2 մլդ 157 մլն 829 հազար դրամ (60%)։ Շուրջ 6 ծրագիր՝ 36 ենթածրագրերով, սուբվենցիայի ամբողջական փաթեթներ գտնվում են լրամշակման փուլում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2 մլդ 45 մլն 306 հազար դրամ, Կառավարության մասնաբաժինն այս ծրագրերի մասով 54 տոկոս է կազմում՝ 1 մլդ 113 մլն 770 հազար դրամ։