Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Գյումրու բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը
05.03.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության Գյումրու բաց երիտասարդական կենտրոնի 2024 թվականի տարեկան հաշվետու միջոցառմանը։
«Գնահատելի գործունեություն է իրականացնում Գյումրու բաց երիտասարդական կենտրոնը, ես հասցրել եմ կենտրոնի սաների հետ հանդիպել, երբ դեռ ԱԺ-ում էի, ինձ համար շատ կարևոր է ավելի շատ իմանալ ձեր արած աշխատանքների ու ծրագրերի մասին, այնքան կարևոր է, երբ մեր ապագայի տերերը՝ երիտասարդներն են նախաձեռնող ու առաջադեմ։ Շիրակի մարզպետի աշխատակազմն ու ես անձամբ միշտ ձեր կողքին եմ, այսպիսի փայլուն երիտասարդների կողքին եմ, ձեր շնորհիվ մեր քաղաքը զարգանում է, կյանքին նոր գույներ եք հաղորդում։ Նոր նախաձեռնություններ ու հաջողություններ եմ մաղթում ձեզ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ներկաներին ողջունել ու հաջողություններ է մաղթել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը՝ նշելով, որ օրը խորհրդանշական է, քանզի այսօր Ազգային ժողովն ընդունել է «Երիտասարդական քաղաքականության մասին օրենքը», որի ընդունումը կարևոր քայլ է երիտասարդների զարգացման, նրանց իրավունքների պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման, երիտասարդական ծրագրերի արդյունավետ իրականացման և մասնակցային մեխանիզմների ձևավորման ճանապարհին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են կենտրոնի 2024-ի գործունեության արդյունքները և հաջողության պատմությունները: Ըստ այդմ, անցած տարի կենտրոնը ծառայություններ է մատուցել 842 պատանու, նրանցից 404-ը հաճախել է կենտրոն։ Գյումրու բաց երիտասարդական կենտրոնը կազմակերպել է կրթական ու զարգացման 12 ակումբ, 70 թեմատիկ աշխատարաններ ու դասընթացներ, 13 ուսումնական այց, 15 թեմատիկ շաբաթ, 14 նախաձեռնություն, ինչպես նաև բազմաթիվ միջոցառումեր, ֆիլմերի դիտում-քննարկումներ, հատուկ հյուրերի հետ հանդիպումներ ու բակային, կրթական ճամբարներ։