Նորություններ
Հանդիսավորությամբ բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված Գյումրու «Զանգակ» մանկապարտեզը
14.03.2025
Այսօր հանդիսավորությամբ բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված Գյումրու «Զանգակ» մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Ներկաներին ողջունել և տոնական օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետը․ «Այսօր մեզ համար ուրախալի օր է, որովհետև 88-ից այսքան տարի անց 2025 թվականին մանկապարտեզ ենք բացում, բայց վերջին տարիներին արված աշխատանքները, թե մանկապարտեզների, թե դպրոցների կառուցման առումով տեսանելի են բոլորիդ։ Վստահեցնում եմ՝ դեռ նման ուրախալի օրեր շատ ենք ունենալու, բացի նոր մանկապարտեզների կառուցումը, դրանք համալրվում են նոր գույքով։ Աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև Գյումրին ունենա իրեն հարիր մանկապարտեզներ, դպրոցներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր ջանքերն ուղղված են կրթական գործընթացներում առաջընթաց ունենալ բոլոր առումներով։ Ամենակարևորն այս երեխաների ժպիտն է, որ այսօր բարեկարգ մանկապարտեզ են հաճախում»։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես են եկել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Նշենք, որ «Զանգակ» մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 207 մլն 998 հազար դրամ է կազմել։