Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
07.04.2025

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ
Շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Մայր լինելն օրհնություն է, առեղծվածային պարգև, որն արժանի է խոնարհումի և մեծարանքի։
Կնոջ գեղեցկությունը, ամուր կամքը, անասելի ուժը, վճռականությունը, խոհեմությունը` այս ամենն են մեզ առավել դրական ու անսասան դարձնում։
Խոնարհումի առանձնակի խոսքեր եմ հղում հերոսացած մեր քաջորդիների, մեր եղբայրների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին, որ կորցրել են ամենաթանկը, բայց դեռ ուժ են գտնում ապրելով արարել ու նոր կյանք տալ նոր սերնդի, որը նոր լույս է ազդարարում բոլորիս։
Սիրելի կանայք, դուք ձեր ուժով և դրական էներգիայով կարողանում եք հենարան լինել ձեր ընտանիքներին, մտերիմներին, մնալ հաստատակամ` ձեր ուսերին կրելով դժվարությունների ծանր բեռը՝ տանը, աշխատանքային, հանրային ցանկացած ոլորտում, որտեղ գործունեություն եք ծավալում։
Անհերքելի է՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար բոլոր բնագավառներում անհրաժեշտ է կանանց լիարժեք ներգրավվածությունը։
Վստահ եմ՝ բոլոր մարտահրավերներին դեմ հանդիման հայ կինը դարձյալ կանգնելու է տղամարդու կողքին, ոգևորելու և առաջ է մղելու, կիսելու է դառնություն և վիշտ՝ չկորցնելով կանացիությունն ու հոգու հմայքը:
Մայրության և գեղեցկության այս օրը, բոլորիդ մաղթում եմ գարնանային թարմություն, ընտանեկան երջանկություն, ներդաշնակություն և հաջողություններ: