Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը

11.04.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է Շիրակի մարզի խորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որի մեկնարկին մարզպետն անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ ընտրությունները լեգիտիմ են եղել, արդար ու ազնիվ, որևիցե բողոքարկում չի եղել, որևիցե խնդիր չի արձանագրվել, ինչն ամենակարևորն է։
Այնուհետև Շիրակի մարզպետը նշել է, որ մարզում և մարզպետի աշխատակազմում աշխատանքները շարունակվելու են նույն գործելաոճով, ինչի մասին ինքը նախանշել է պաշտոնում նշանակվելուց հետո․«Մարզպետի աշխատակազմը համայնքների հետ համատեղ ջանքերով խնդիրները լուծելու համար է։ Ինձ համար իներցիոն կառավարումն անընդունելի է, մենք բոլորս միասին կառուցելու ենք Շիրակի մարզը և մարզի բնակչի կյանքի որակի վրա դրական ազդեցություն ենք ունենալու։ Ես երբեք չեմ բավարարվելու նրանով, որ համայնքը մեզ ուղարկեց գրությունը մենք այն ուղարկեցինք Կառավություն և նույն ճանապարհով ստացաք պատասխան և հետ ուղարկեցին համայնք։ Սա մեր աշխատանքի ամենափոքր մասն է լինելու»։
Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին է վերաբերել։
Մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի համաձայն, ապրիլի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 82,4 տոկոսով։ Ըստ հարկատեսակների ամենաբարձր կատարողականը տեղական տուրքերի գանձման առումով է ապահովվել՝ 140․9 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը՝ 66 տոկոս։
Սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Արթիկ համայնքը՝ 113․6 տոկս, 102․3 տոկոս էլ կազմել է Ամասիայի ցուցանիշը։
«Այս աշխատանքների կազմակերպման առումով միշտ ասել եմ՝ մենք պատրաստ ենք անել հնարավորը համայնքապետերին ու աշխատակազմերին աջակցելու համար, եթե կան հարցեր, որոնք մեր լուծման տիրույթում են։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա պետք է նաև անել ամեն ինչ, որ համայնքների բնակիչները հստակ գիտակցեն, որ հարկերի վճարումը նշանակում է գումարը մի գրպանից հանել մյուսը դնել, գումարը վճարել, որպեսզի ունենան ավելի բարեկարգ համայնք ու ենթակառուցվածքներ»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Օրակարգային հաջորդ հարցն առնչվել է 2024 թվականի ընթացքում Շիրակի մարզում փաստացի իրականացված սուբվենցիոն ծրագրերին և 2025 թվականի համար ներկայացված ամբողջական փաթեթներին։ Աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը նշել է, որ 2024-ին փաստացի իրականացվել և ֆինանսավորվել է 41 ծրագիր 107 ենթածրագրերով՝ 7 մլրդ 26 մլն 856 հազար դրամի շրջանակում, Կառավարությունը տրամադրել է գումարի 53.2 տոկոսը՝ 3 մլրդ 742 մլն դրամը։
2025-ին ներկայացվել է 31 ամբողջական ծրագրային փաթեթ 132 ենթածրագրերով, ընդհանուր արժեքը կազմել է 8 մլրդ 100 մլն դրամ, գումարի 56․6 տոկոսը Կառավարության համամասնությունն է կազմելու։ Աշոցք համայնքը ներկայացրել է 10 ծրագիր, Ախուրյանը՝ 8, Արթիկը 7 ծրագիր, Ամասիան՝ 4, Անին՝ 2։
«Այստեղ պետք է հստակ մեկ դիտարկում անել, որ 8 միլիարդից ավելի գումարի մասին ենք խոսում միայն 5 համայնքների մասով, Գյումրին դեռ ծրագրեր չի ներկայացրել՝ ավագանի չունենալու պատճառով, իսկ նախորդ տարի 3 մլրդ դրամից ավելի ծրագիր միայն Գյումրին էր ներկայացրել։ Ինչ վերաբերում է այս տարի պլանավորած ծրագրերի մասով հորդորելու եմ մեր համայնքների ղեկավարներին առավել շատ ուշադրություն դարձնել մարզադպրոցների նորոգմանը, բակերի բարեկարգմանն ու համայնքների կանաչապատման ծրագրերի իրականացմանը։ Ի դեպ, տարեսկզբին հանձնարարել էի մարզպետի աշխատակազմից գրություն ուղարկել համայնքներ, որ մրցույթների հայտարարման գործընթացից առաջ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն ուսումնասիրեն, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, ավելի պատշաճ և վերահսկելի։ Ողջունելի է, որ համայնքների ղեկավարները համատեղ աշխատանք էին տարել մրցույթների կազմակերպման առումով և հետագայում էլ այն բոլոր գործընթացները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրերի հետ կապված՝ թե ֆինանսական, թե շինարարական, համատեղ են արվելու»։
Նշենք, որ 2025-ին նախատեսվում է իրականացնել բնակավայրերի փողոցների նորոգում, ասֆալտապատում կառուցում՝ սալարկմամբ, խճապատմամբ, խմելու ջրամատակարարման և ոռոգման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում, գազաֆիկացում, նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում, համապատասխան գույքի և կահավորանքի ձեռքբերում, հասարակական շենքերի վերանորոգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, էներգախնայող միջոցառումների կիրառում, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում, այգիների, պուրակների բարեկարգում։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին և ոռոգման պատշաճ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ըստ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի, կատարվել է շուրջ 9808.7 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Ոռոգման սեզոնի ընթացքում ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ մարտ ամսվա առաջին տասնօրյակից Շիրակի մայր ջրանցքով կատարվել է ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կառնուտի ջրամբարում այս տարի ավելի շատ կուտակված ջուր կա։
Մարզի գյուղացիական տնտեսությունները օգտվել են պետական աջակցության 11 ծրագրերից, ստացել ծրագրերով նախատեսված փոխհատուցումները, ինչը սակայն Դավիթ Առուշանյանը բավարար չի համարել․ «Պետական աջակցման ծրագրեր կան, որոնց մասին մեր մարզի բնակիչները տեղյակ չեն, ֆերմերները տեղյակ չեն։ Պետք է մտածեք մեխանիզմներ, դա կլինի հանդիպումների ձևաչափով, թե այլ կերպ, մարդկանց հարկավոր է իրազեկել ադ մասին։ Նախորդ օրը տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ ևս փոփոխություններ կատարվեցին այդ ծրագրերից օրինակ «Խելացի անասնագոմերի» հետ կապված ծրագրում։ Ինձ ներկայացրեք աշխատանքային պլան՝ ինչ ձևով որ պատկերացնում եք, չեմ ուզում, որ մարզպետի աշխատակազմը զբաղվի խնդիրներով, երբ որ առաջացել են արդեն, օրինակ կարկուտի հասցված վնասից կամ անասունի հիվանդությունով վարակվելուց հետո միայն։ Եկեք մտածենք և այնպես անենք, որ այդ խնդիրները չառաջանան։ Հարկավոր է բոլորս մեր աշխատանքը ճիշտ կազմակերպենք, որպեսզի խնդիրները կանխարգելենք»։
Օրակարգային հաջորդ հարցը 2025-ին իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերին և հողաշինության բնագավառին վերաբերող հարցերին է վերաբերվել։ Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ մարզում շարունակվում են «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» շենքի, «Արեգնադեմի միջնակարգ դպրոցի», Արթիկի և Արևշատի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների, Արթիկի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ էլ իրականացվում են Հայրենյացի, Գետափի Բավրայի, Քեթիի և Բյուրակնի կրթահամալիրների, Սարատակի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցների կառուցման աշխատանքները։ 9 դպրոցներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ՝ 2 մլրդ 16 մլն 634 հազար դրամ արժեքով։ Շիրակի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ 3 մանկապարտեզներում՝ Գյումրու «Լապտերիկ», «Արևիկ» և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզներում նախատեսվում են իրականացնել վերանորոգման աշխատանքներ։
«Ամեն վայրկյան թե շինարարը, թե բանվորն աշխատելիս պետք է մեր շունչը զգան։ Չեմ ուզում, որ աշխատանքն ավարտելուց հետո շինարարները մեզ հետ խնդիրներ ունենան ավարտական ակտերը ստորագրելու, այլ փաստաթղթերի առումով, անմիջապես օրենքի սահմաններում պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե դրանք անհիմն են։ Եկեք հենց սկզբից նոր շինարարաների հետ, ովքեր նոր են սկսելու շինարարական աշխատանքները նախապես տեղյակ պահենք, որպեսզի խնդիրներ հետագայում չառաջանան։ Որևէ նախագիծ, որևէ շինարարական աշխատանք, որևէ ծրագրով իրականացված՝ սուբվենցիոն, պետական աջակցության, թե հրապատ միջոցներով իրականացվող, չեն կարող ընդունվել և վճարվել, եթե այնտեղ առկան է անգամ աննշան թերացում։ Մեր շինարարները թող իմանան, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը, իրավասությունների շրջանակներում իրենց կողքին կանգնած է, բայց պահանջելու ենք բացառապես որակով և ժամկետներում արված աշխատանք։ Այդ ամենի համար անհրաժեշտ է խիստ վերահսկողություն իրականացնել բոլոր շինհրապարակներում»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Մարզխորհրդի ավարտին, մարզպետը հիշեցրել է, որ իր կողմից նախանշված կարմիր գծերը չեն փոխվել՝ կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն։
«Չի կարելի մոռանալ՝ մենք սերունդներին ենք դաստիարակում, նրանք մեր վաղվա օրն են, Կառավարությունը ջանք չի խնայում 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը պատշաճ կյանքի կոչելու համար, չպետք է մոռանալ նաև, որ առոջապահությունն այն բնագավառն է, որտեղ թերացումներ չպետք է լինեն, խոսքը մարդկային կյանքերի մասին է, մնումէ համատեղ աշխատենք ու չտրտնջալով առաջ գնանք նախանշված նշաձողերը հաղթահարելու համար»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 18:03:17