Նորություններ
Արթիկ համայնքում բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ
11.04.2025
Արթիկ համայնքում այսօր բացվել է 4 մանկապարտեզ՝ ընդհանուր 758 մլն 174 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 685 մլն 359 հազար դրամ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոոսկանյանի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ ներկա է գտնվել Արթիկ համայնքի թիվ 1, 3, 4 և Լեռնակերտ բնակավայրերի մանկապարտեզների բացման հանդիսավոր արարողությանը։
Թիվ 4 մանկապարտեզի բացման արարողությանը Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և տոնական օրվա առթիվ շնորհավորել․ «Այսօր մեզ համար ուրախալի օր է, քանի որ Արթիկ համայնքում միաժամանակ 4 մանկապարտեզներ են բացվում, որոնք համալրված են նաև նոր գույքով։ Այս մանկապարտեզներից երկուսը՝ 3-րդը և 4-րդը, վերանորոգվել են Վարչապետի հանձնարարականով՝ այցից հետո տրված խոստման արդյունքում, երկու մանկապարտեզներն էլ՝ սուբվենցիոն ծրագրերով՝ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում։ Այս 4 մանկապարտեզների գույքի համալրման համար տրամադրվել է 81 մլն 295 հազար դրամ գումար։ Այս ամենը մեր համատեղ աշխատանքի արդյունքում է եղել։ Ես այսօր հպարտ եմ և լիահույս, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի պայծառ և լավն է լինելու, որովհետև մեր երեխաները գնալու են նման մանկապարտեզներ։ Կրթությունը սկսվում է մանկապարտեզից և մեր երեխաներն արժանի են լավագույնին»։
Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը երկհարկանի է, հիմնանորոգման գումարը կազմել է 243 միլիոն 768 հազար դրամ։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ: Թիվ 4 մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 10 մլն 414 հազար դրամ։ Մանկապարտեզը գործելու է 4 խմբով և նախատեսված է 110 երեխայի համար՝ շենքի ընդհանուր հզորությունը 140 երեխա է։
Պատասխանատուների հաջորդ կանգառը Արթիկ համայնքի թիվ 3 մանկապարտեզում է եղել։ Այն գործելու է 4 խմբով և դռներն է բացել 120 երեխայի առաջ։ Հիմնանորոգման գումարը կազմել է 223 մլն 144 հազար դրամ, որը տրամադրվել է Կառավարության կողմից։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Այ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից։ Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 531 հազար դրամ։
Նորաբաց թիվ 1 մանկապարտեզը նորոգվել է սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Հիմնանորոգման գումարը կազմել է 199 մլն 230 հազար դրամ, գումարի 149 մլն 422 հազար դրամը պետությունն է հատկացրել։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ԳՐԱՖՇԻՆ» ընկերությունը։ Այս Մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը տրամադրել է 9 մլն 84 հազար դրամ գումար։
Լեռնակերտ բնակավայրի երկհարկանի մանկապարտեզի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր գումարը կազմել է 92 մլն 32 հազար դրամ, որից 69 մլն 24 հազար դրամը տրամադրվել է Կառավարության կողմից, իսկ 23 մլն դրամը համայնքի ներդրումն է եղել։ Մանկապարտեզի գույքով ապահովմանը նախատեսվել է 7 մլն 243 հազար դրամ։