Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք
16.04.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։
Ուսումնավարժանքի մասնակիցներին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը կարևոր է մասնակիցների հմտությունների ու պատրաստվածության բարձրացման առումով։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների մանրամասները։
Ըստ ուսումնավարժության ելակետային տվյալների, Շիրակի մարզում սողանքային երևույթների ազդեցույթան գոտում է գտնվում մարզի 3030 հա տարածք: Առավել վտանգավոր տեղամաս է համարվում Առափի բնակավայրի սողանքային գոտին: Բնակավայրի շրջանում Ախուրյան գետի աջափյա լանջի (մինչև 500) թեքության սահմաններում մոտ 85հա մակերեսով, մոտ 2 կմ ողջ համայնքի արևելյան հատվածի երկարությամբ սողանքային երևույթների փաստացի ազդեցության տակ են գտնվում մի շարք բնակելի տներ։
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով, քննարկվել են ձեռնարկվող քայլերին և իրականացվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ուսումնավարժության նպատակը մասնակիցների ունակությունները, կառավարման մարմինների համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների ներգրավված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ծառայությունների, բնակչության ուսուցումն ու կարողությունները ստուգելն ու կատարելագործելն է եղել։