Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Mini-Industry in T&A» նախագծի «Տեքստիլի օր» խորագրով ամփոփիչ միջոցառմանը
16.04.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ներկա է գտնվել «Mini-Industry in T&A» նախագծի «Տեքստիլի օր» խորագրով ամփոփիչ միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև մասնաճյուղի կարի և կաշվի նոր աշխատանոցների բացման արարողությունը։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և նախաձեռնության կարևորությանն է անդրադարձել Շիրակի մարզպետը՝ նշելով, որ ցանկացած նորարարական ծրագիր, որը միտված է ուսանողների պրակտիկ գիտելիքների ամրապնդմանը, գնահատելի է․ «Գյումրիում տեքստիլի օր նշելը հին ավանդույթներից է, քանի որ մեր քաղաքը տեքստիլ արդյունաբերության կենտրոններից մեկն է եղել, շատ ուրախ եմ, որ այս ճյուղը շարունակում է զարգանալ, իսկ մեր քաղաքի նախկին համբավը հետ բերելն արդեն ողջունելի է։ Կրթության զարգացմանն ու կրթությունն ավելի բարձր հիմքերի վրա դնել հնարավոր կլինի այսպիսի նախաձեռնություններով, որոնք յուրատեսակ հարթակ են դառնում կրթության, արտադրության և համայնքի համար, որը կնպաստի ոլորտի կայուն զարգացմանը»։
Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համագործակցելով շվեյցարական Helvetas Schweiz Intercooperation կազմակերպության հետ, Գյումրու մասնաճյուղում իրականացրել է RECONOMY ծրագրի «Mini-Industry in T&A» նախագիծը։ Այն նպատակ ունի խթանելու տեքստիլ և հագուստի արդյունաբերության ոլորտում փոքր արտադրությունների զարգացումը՝ նպաստելով կանաչ տեխնոլոգիաների կիրառմանը և էկոլոգիապես մաքուր արտադրական միջավայրի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել Արցախից տեղահանվածներին, գործազուրկ և հաշմանդամություն ունեցող կանանց ու երիտասարդներին՝ նրանց զինելով տեքստիլ և թվային ոլորտի գիտելիքներով։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Mini-Industry in T&A» ծրագրի արդյունքները, քննարկվել տեքստիլ արդյունաբերության հիմնախնդիրներն ու հնարավորությունները, անդրադարձ է կատարվել թափոնների ազդեցությանը շրջակա միջավայրի վրա և կանաչ արտադրության անհրաժեշտությանը, իսկ ծրագրի գործընկերները հանդես են եկել տաղավարներով՝ ներկայացնելով իրենց գործունեությունն ու աշխատուժի պահանջարկը։