Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրընկալել է «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչներին
16.04.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչներին՝ նախագահ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի, մասնավորապես Գյումրու զարգացման նախաձեռնություններին ու ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև ինտելեկտուալ կենտրոնի կողմից առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մանրամասներն ու այդ առումով հնարավոր համագործակցության հեռանկարները։
Քննարկման առանցքում են եղել նաև կենտրոնի կողմից 2025-ին անցկացվելիք դպրոցականների Շիրակի մարզի առաջնությանն ու Համահայկական 26-րդ ինտելեկտուալ փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցերը, որին մասնակցելու են գիտակների 35-40 թիմեր։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ կարևորում է «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի ձեռնարկներն ու գործունեությունը, քանզի այն միտված է ապագային՝ դեռահասների ինտելեկտուալ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը․ «Երբ գիտելիքահեն հասարակություն, գիտելիքը կարևորող երիտասարդություն ես ունենում՝ ապագայի նկատմամբ վստահությունն առավել մեծ է լինում, ձեր գործունեությունն հենց այս ուղղությունն է ընտրել, դրա համար ֆորմալ բնույթի ողջույնի խոսք չեմ ուզում ասել, սակայն պետք է ամեն դեպքում նշեմ՝ հնարավորությունների սահմանում ձեզ պատրաստ ենք աջակցել, քանզի կարևորում ենք ինտելեկտուալ կենտրոնի ներդրումը մեր հասարակության զարգացման գործում»։
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի նախագահը ներկայացրել է ձեռնարկներն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով մրցաշարերին ու «Ինչ, որտեղ, երբ» խաղի 50-ամյակին նվիրված միջոցառումներին, որը տեղի է ունենալու սեպտեմբերին։