Նորություններ
Քննարկում անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով
29.04.2025
Հանրակրթական ուսումնական հաստատություններում արձանագրվող բռնության /բուլինգի/ դեպքերի, սովորողների շրջանում վիճաբանությունները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և ՀՀ Շիրակի մարզի դատախազության «Անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով իրականացվող միջոցառումների» ծրագրի 2025 թվականի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների շրջանակում այսօր տեղի է ունեցել քննարկում՝ հանրակրթական դպրոցների տնօրենների, դաստիարակության գծով տնօրենների տեղակալների մասնակցությամբ։
Ներկաներին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը` կարևորելով անչափահասների նկատմամբ հոգատար վերաբերմունքն ու ոլորտում առկա խնդիրների լուծումը, մարզպետի տեղակալը պատրաստակամություն է հայտնել իրավասությունների շրջանակում անել հնարավորը՝ պատկան կառույցների հետ համագործակցության ամրապնդման ու կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար։
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազ Քրիստինե Բաղդասարյանը ներկայացրել է անչափահասների շրջանում հանցավորության վիճակագրությունը, կանխարգելման հնարավոր եղանակները և համագործակցության շրջանակը։
Ըստ այդմ, 2024 թվականի ընթացքում նվազել է թե մասնակից անչափահասների, թե գրանվցնած դեպքերի թիվը։ Հանդիպման ընթացքում առաջարկվել է դպրոցների տնօրեններին կազմակերպել երեխաների դաստիարակության, մասնավորապես, իրավախախտ և հանցավոր վարքի կանխարգելմանը նպաստող միջոցառումներ և լինել առավել հետևողական անչափահասների խնդիրներին։